Ըստ լրատվամիջոցների՝ ռուս զինվորականների բացած կրակից հետո Զապորոժյեի ատոմակայանի վթարային պաշտպանության համակարգը անջատել է հինգերորդ էներգաբլոկը
Ռուս զինվորականների բացած կրակից հետո Զապորոժյեի ատոմակայանի վթարային պաշտպանության համակարգը անջատել է հինգերորդ էներգաբլոկը։ Այս մասին տեղեկությունը տարածում է ուկրաինական լրատվամիջոցը՝ հիմնվելով «Էներգոատոմ»-ի վրա։
«Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առաքելության այցից առաջ ռաշիստները նոր սադրանքի են դիմել ատոմակայանում։ Սեպտեմբերի 1-ին, ժամը 04:57-ին, ռուսական օկուպացիոն ուժերը ականանետից կրակ են բացել Զապորոժյեի ատոմակայանի հարթակի ուղղությամբ, և հրդեհի արդյունքում ակտիվացել է վթարային պաշտպանությունը և փակվել է աշխատող հինգերորդ էներգաբլոկը»,- ասված է «Էներգոատոմ»-ի հայտարարության մեջ։
Ուկրաինայի ազգային ատոմային ընկերության տվյալներով՝ օկուպանտները վնասել են նաև ատոմակայանի պահեստային էլեկտրահաղորդման գիծը, ինչի պատճառով դադարեցված երկրորդ էներգաբլոկի էլեկտրամատակարարումն ընդհատվել է։ «Էներգոատոմ»-ը նշում է, որ վերջին 10 օրվա ընթացքում օկուպանտների գործողությունների պատճառով Զապորոժյեի կայանի էներգաբլոկը արդեն երկրորդ անգամ է փակվել։
Ընկերությունը նշում է, որ վեցերորդ էներգաբլոկը շարունակում է աշխատել Ուկրաինայի էներգահամակարգում, և կայանի ուկրաինական անձնակազմն ամեն ինչ անում է ենթակառուցվածքներին հասցված վնասները վերացնելու համար։
Հիշեցնենք, որ այսօր Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առաքելությունը պետք է սկսի աշխատանքը Զապորոժյեի էլեկտրակայանում։ Առաքելության անդամները՝ գործակալության տնօրեն Ռաֆայել Գրոսի գլխավորությամբ, արդեն լքել են հյուրանոցը և շարժվել դեպի կայարան։