EBRD-ի առաջին փոխնախագահը Գիորգի Գախարիային հրավիրել է Լոնդոնում անցկացվելիք գագաթնաժողովին
EBRD-ի առաջին փոխնախագահը Գիորգի Գախարիային հրավիրել է Լոնդոնում անցկացվելիք գագաթնաժողովին

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (EBRD) ոչ միայն մեր կարևորագույն գործընկերն է, այլ նաև կազմակերպություն, որը սկզբունքային դերակատարություն է ունեցել Վրաստանի զարգացման գործում և բազմամյա համագործակցության ընթացքում ֆինանսավորել է ավելի քան 200 նախագիծ,- այս մասին նշվել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի առաջին փոխնախագահ Յուրգեն Ռիգտերինքի հանդիպմանը:

Վարչապետի մամլո ծառայության տեղեկությամբ, վարչապետը հայտարարել է, որ Վրաստանը գնահատում է բանկի ներդրումը երկրի զարգացման գործում: Գիորգի Գախարիայի խոսքով, Վրաստանի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև առկա գործընկերության կարևորության մասին են խոսում նաև կազմակերպության ղեկավար անձանց այցերը Վրաստան:

Վրաստանի կառավարության ղեկավարը EBRD-ի առաջին փոխնախագահին շնորհակալություն է հայտնել Վրաստանի հետ կապված մշակված զարգացման նոր մարտավարության համար և նշել, որ համընդգրկուն փաստաթուղթը համապատասխանում է կառավարության առաջնահերթություններին:

Բացի այդ, հանդիպմանն ընդգծվել է տարբեր ուղղություններով իրականացված համատեղ նախագծերի նշանակությունը: Նշվել է, որ էներգետիկայի, գյուղատնտեսության ոլորտներում և մասնավոր սեկտորին աջակցող նախագծերը մեծ ազդեցություն են գործում երկրի էկոնոմիկայի կայուն զարգացման վրա:

Վրաստանի վարչապետը և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի առաջին փոխնախագահը հայտնել են նոր ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն:

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի առաջին փոխնախագահը Գիորգի Գախարիային հրավիրել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի առաջին Արևելյան գործընկերության գագաթնաժողովին, որը կայանալու է նոյեմբերին՝ Լոնդոն քաղաքում: