Դոնալդ Տուսկ. Ռուսաստանի ագրեսիվ գործողություններն Ուկրաինայի դեմ էլ ավելի են մոտենում Լեհաստանի սահմանին

20:47, 29.09.2026

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարում է, որ առջևում շատ բարդ շաբաթներ և ամիսներ են, ինչը կապված է «Ռուսաստանի կողմից Ուկրաինայի նկատմամբ ծայրահեղ ագրեսիվ դիրքորոշման» հետ։

Դոնալդ Տուսկի պարզաբանմամբ՝ Ռուսաստանի այդ ագրեսիվ գործողությունները «էլ ավելի են մոտենում» Լեհաստանի սահմանին։

«Առջևում շատ բարդ շաբաթներ և ամիսներ են, որոնք կապված են Ռուսաստանի կողմից Ուկրաինայի նկատմամբ էլ ավելի ագրեսիվ դիրքորոշման հետ, և, ցավոք, Ռուսաստանի այդ ագրեսիվ գործողություններն Ուկրաինայի դեմ էլ ավելի են մոտենում մեր սահմանին»,- նշել է Տուսկը։

Նրա խոսքով՝ Լեհաստանի կառավարությունն ու հատուկ ծառայությունները կենտրոնացած են նրա վրա, որ վտանգը չտարածվի Լեհաստանի տարածքում։

«Մենք կենտրոնացած ենք նրա վրա, որ լեհական կողմում վատ ոչինչ չպատահի»,- հայտարարել է Լեհաստանի վարչապետը։

Դոնալդ Տուսկն արձագանքել է սեպտեմբերի 28-ին տեղի ունեցած միջադեպին։ Ռուսական ռեակտիվ անօդաչու թռչող սարքն ընկել էր Ուկրաինայի տարածքում՝ Լեհաստանի հետ Դորոհուսկի սահմանային անցակետից մոտ երկու կիլոմետր հեռավորության վրա։

«Ամեն գիշեր կամ օրվա ընթացքում մենք ստիպված ենք մի քանի անգամ ակտիվացնել մեր ավիացիան, քանի որ Ռուսաստանի հարձակումները Լեհաստանի սահմանի մոտ՝ մասնավորապես սահմանային անցակետերի և սահմանամերձ ենթակառուցվածքների վրա, արդեն համակարգված բնույթ են ստացել»,- հայտարարել է Լեհաստանի վարչապետը։

Նրա խոսքով՝ Լեհաստանի համապատասխան ծառայությունները արևելյան սահմանից այն կողմ ստեղծված իրավիճակի պատճառով գտնվում են ուժեղացված պատրաստականության վիճակում։

Նմանատիպ