Դոնալդ Տուսկ. Առաջիկա վեց ամիսները վճռորոշ են լինելու, չենք կարող բացառել Ռուսաստանի կողմից ՆԱՏՕ-ի որևէ անդամ երկրի դեմ հնարավոր սադրանքների հավանականությունը
Լեհաստանի վարչապետը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հեռախոսազրույց են ունեցել. այս մասին սոցիալական ցանցում գրել է Դոնալդ Տուսկը։
Դոնալդ Տուսկի հայտարարությամբ՝ Մարկ Ռյուտեն իրեն է փոխանցել տարածաշրջանում տիրող իրավիճակի և ռուս-ուկրաինական պատերազմի վերաբերյալ սեփական գնահատականները։
Տուսկի խոսքով՝ առաջիկա վեց ամիսները վճռորոշ են լինելու, Լեհաստանը և ՆԱՏՕ-ն պետք է պատրաստ լինեն տարբեր սցենարների։
«Մարկ Ռյուտեն քիչ առաջ ինձ հետ կիսվեց տարածաշրջանում տիրող իրավիճակի և ուկրաինա-ռուսական ճակատում ընթացող զարգացումների վերաբերյալ իր գնահատականներով։ Ինչպես արդեն բազմիցս նշել եմ, Ռուսաստանի կողմից էսկալացիան շարունակվում է։ Ուկրաինային օդային ուղղությամբ ավելի շատ աջակցություն է անհրաժեշտ, ինչը չափազանց կարևոր է նաև մեր անվտանգության համար։ Սա ամբողջ Եվրոպայի խնդիրն է։ Առաջիկա վեց ամիսները վճռորոշ են լինելու, և մենք՝ ինչպես Լեհաստանը, այնպես էլ ՆԱՏՕ-ն, պետք է պատրաստ լինենք տարբեր սցենարների։ Չենք կարող բացառել Ռուսաստանի կողմից ՆԱՏՕ-ի որևէ անդամ երկրի դեմ հնարավոր սադրանքների հավանականությունը», — գրում է Տուսկը։