Դոնալդ Թրամփն ասում է, որ ԱՄՆ-ն արդեն գիտի, թե ինչպես Հորմուզի նեղուցը անվտանգ դարձնել նավերի համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասում է, որ ԱՄՆ-ն արդեն գիտի, թե ինչպես Հորմուզի նեղուցը անվտանգ դարձնել նավերի համար։
Ըստ Դոնալդ Թրամփի՝ պատերազմի սկզբից ի վեր ԱՄՆ-ն ոչնչացրել է 25 իրանական նավ։
«Մենք ոչնչացրել ենք նրանց նավատորմը, քանի որ նավատորմի ոչնչացումից հետո նրանք այլևս չեն կարող անել այն, ինչ ուզում են», – ասել է ԱՄՆ նախագահը։
Նավթի գների բարձրացման մասին հարցին Դոնալդ Թրամփը պատասխանել է, որ սա ժամանակավոր երևույթ է։
«Գները մի փոքր աճել են, բայց ոչ զգալիորեն, և շուտով կիջնեն մինչև ռեկորդային ցածր մակարդակի», – ասել է Դոնալդ Թրամփը։
Բացի այդ, Դոնալդ Թրամփին հարցրել են, թե արդյոք նա կհամաձայնի Թեհրանում նոր կրոնական առաջնորդի իշխանության գալուն։ ԱՄՆ նախագահը նշել է, որ կարող է համաձայնվել։
«Կախված է նրանից, թե ով է այդ մարդը։ Ես ոչինչ չունեմ կրոնական առաջնորդների դեմ։ Ես հարաբերություններ ունեմ շատ կրոնական առաջնորդների հետ, և նրանք հրաշալի մարդիկ են, բայց առաջնորդը պետք է արդար լինի, նա պետք է լավ կառավարի երկիրը և հարգանքով վերաբերվի Միացյալ Նահանգներին, Իսրայելին և Մերձավոր Արևելքի մյուս երկրներին, որոնք բոլորն էլ մեր գործընկերներն են», – ասել է Թրամփը։