Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցն ավարտվել է։ Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է Կիևի հետ համագործակցել ապագա խաղաղության պայմանագրի հուշագրի շուրջ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև հեռախոսազրույցն ավարտվել է։ ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների երկխոսությունը տևել է ավելի քան երկու ժամ։
Հեռախոսազրույցից հետո Վլադիմիր Պուտինը մեկնաբանություն տվեց լրատվամիջոցներին՝ նշելով, որ Թրամփի հետ երկխոսությունը անկեղծ և իմաստալից էր։
«Զրույցը տեղի ունեցավ, այն տևեց ավելի քան երկու ժամ։ Այն շատ բովանդակալից էր և բավականին անկեղծ, և ընդհանուր առմամբ, իմ կարծիքով, բավականին օգտակար այս առումով։ Նախևառաջ, ես շնորհակալություն հայտնեցի Միացյալ Նահանգների նախագահին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունների վերսկսման, հնարավոր խաղաղության համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունների վերսկսման համար Միացյալ Նահանգների աջակցության համար, որը, ինչպես հայտնի է, ուկրաինական կողմը կասեցրել էր դեռևս 2022 թվականին», – նշել է Պուտինը։
Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգների նախագահը արտահայտել է իր դիրքորոշումը ռազմական գործողությունների դադարեցման, հրադադարի վերաբերյալ։
«Ռուսաստանը պատրաստ է ուկրաինական կողմի հետ համագործակցել հնարավոր ապագա խաղաղության պայմանագրի վերաբերյալ հուշագրի շուրջ՝ սահմանելով մի շարք դիրքորոշումներ», – ասել է Վլադիմիր Պուտինը։
Պուտինի խոսքով՝ Ռուսաստանը կողմ է ռազմական գործողությունների դադարեցմանը, սակայն անհրաժեշտ է մշակել խաղաղության հասնելու ամենաարդյունավետ ուղիները։
Վլադիմիր Պուտինը նաև լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան պետք է գտնեն փոխզիջումներ, որոնք ընդունելի կլինեն բոլոր կողմերի համար։