Դոնալդ Թրամփը ժամանել է Ֆրանսիա, որտեղ աշխարհի այլ առաջնորդների հետ միասին ներկա կգտնվի Փարիզի Աստվածամոր տաճարի բացման արարողությանը
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է Ֆրանսիա, որտեղ աշխարհի այլ առաջնորդների հետ միասին ներկա կգտնվի Փարիզի Աստվածամոր տաճարի բացման արարողությանը։ Այս մասին հայտնում է «Ֆրանս 24»-ը։
Սա Թրամփի առաջին այցն է արտասահման նախագահական ընտրություններում հաղթելուց հետո։ Թրամփը Փարիզի Օրլի օդանավակայան է ժամանել մասնավոր ինքնաթիռով։
Այցի շրջանակներում նախատեսված է Դոնալդ Թրամփի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի երկկողմ հանդիպումը։ Փարիզում է նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
Ելիսեյան պալատից հայտնել են, որ Թրամփի հետ հանդիպումից հետո Էմանուել Մակրոնը երկկողմ բանակցություններ կանցկացնի նաեւ Ուկրաինայի առաջնորդի հետ։
Բացի այդ, մինչ այդ արտասահմանյան մամուլում լուրեր էին տարածվել, որ Ֆրանսիայում կարող է տեղի ունենալ Դոնալդ Թրամփի ու Վոլոդիմիր Զելենսկու հանդիպումը։ Ուկրաինայի նախագահի պատվիրակությունը, սակայն, չի մեկնաբանել հնարավոր հանդիպումը։
Տեղեկության համար՝ Փարիզի Աստվածամոր տաճարը հրդեհից տուժել էր 2019 թվականին։ Վերականգնված եկեղեցում առաջին պատարագը կկատարվի վաղը։