Դոնալդ Թրամփը «Սորոսի» հիմնադրամի նախկին կառավարչին նշանակել է ֆինանսների նախարարության ղեկավար
«BBC»-ի փոխանցմամբ՝ ամերիկացի ներդրող Սքոթ Բեսենտը կարող է զբաղեցնել ԱՄՆ ֆինանսների նախարարության ղեկավարի պաշտոնը Դոնալդ Թրամփի նոր վարչակազմում։
Բեսենտիի այս պաշտոնում ընտրվելու մասին ԱՄՆ նորընտիր նախագահը գրել է «Truth Social» սոցիալական ցանցում։
Թրամփի խոսքով, Բեսենտը «հարգված է՝ որպես աշխարհի առաջատար միջազգային ներդրող և աշխարհաքաղաքական ու տնտեսական ստրատեգ» և երկար ժամանակ եղել է ամերիկյան արդյունաբերության և «Առաջին հերթին՝ Ամերիկան» սկզբունքների կողմնակիցը։
«Սքոթը կաջակցի իմ քաղաքականությանը, որը կխրախուսի ԱՄՆ-ի մրցունակության բարձրացումը և կվերացնի անարդար առևտրային անհավասարակշռությունը՝ աշխատելով ստեղծելու այնպիսի տնտեսություն, որտեղ աճը կարևոր է, հատկապես մեր ապագա համաշխարհային էներգետիկ գերիշխանության հաշվին», – ասել է Թրամփը:
62-ամյա Բեսենտը քաղաքական կարևոր պաշտոններում աշխատելու փորձ չունի: Ներկայումս նա գլխավորում է «Key Square Management» ներդրումային հիմնադրամը:
2011-2015 թվականներին նա զբաղեցրել է «Soros Fund Management»-ի գլխավոր ներդրումային տնօրենի պաշտոնը։ Այն ներդրումային կառավարման հիմնական հիմնադրամներից է, որը հիմնադրել է մեծահարուստ Ջորջ Սորոսը։ «Soros Fund Management»-ը, ի թիվս այլ նախագծերի, ֆինանսավորել է «Բաց հասարակության» հիմնադրամների որոշ նախագծեր:
Բեսենտը երկու նախընտրական արշավներում էլ սատարում էր Սպիտակ տան նախկին ղեկավարին, նա համաձայն է Թրամփի հետ Միացյալ Նահանգների տնտեսության վերաբերյալ նրա տեսակետներում, թեև դիտորդները նշում են, որ Բեսենտը ավելի չափավոր մոտեցում է ցուցաբերում։
Միաժամանակ, Բեսենտը դրական է վերաբերվում կրիպտոարժույթների շուկային, որի վրա արդեն իսկ դրական ազդեցություն է ունեցել Թրամփի նախագահի պաշտոնում վերընտրվելը։