Դոնալդ Թրամփը հրամայել է վերաբացել Ալկատրասի բանտը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է վերաբացել Ալկատրաս բանտը։ Թրամփը խոստացել է, որ իր վարչակազմը կավարտի այն իրավիճակը, երբ լուրջ հանցագործություններ կատարած կրկնակի հանցագործները անպատիժ են մնում։
«Մենք այլևս չենք հանդուրժի այս սերիական հանցագործներին, ովքեր մեր փողոցներում կեղտ, արյունահեղություն և քաոս են տարածում։ Ահա թե ինչու այսօր ես հանձնարարում եմ Բանտերի բյուրոյին՝ Արդարադատության նախարարության, ՀԴԲ-ի և ներքին անվտանգության նախարարության հետ համատեղ, վերաբացել ամբողջովին վերանորոգված և մեծապես ընդլայնված Ալկատրասը՝ Ամերիկայի ամենադաժան և վտանգավոր հանցագործներին տեղավորելու համար։ Ալկատրասի վերաբացումը կլինի օրենքի, կարգուկանոնի և արդարադատության խորհրդանիշ։ Մենք Ամերիկան կրկին մեծ կդարձնենք», – գրել է Դոնալդ Թրամփը սոցիալական ցանցերում։
Ալկատրասի բանտը գործել է 1934-ից 1963 թվականներին և համարվում էր Միացյալ Նահանգների ամենախիստ և անվտանգ քրեակատարողական հիմնարկներից մեկը։ Այնտեղ էին պահվում երկրի ամենավտանգավոր հանցագործները, այդ թվում՝ Ալ Կապոնեն։ Բարձր պահպանման ծախսերի և շրջակա միջավայրի հետ կապված խնդիրների պատճառով բանտը փակվեց։