Դոնալդ Թրամփը հերքում է տարածված տեղեկությունը, թե իբր Սի Ծինփինին առաջարկել է ամերիկյան զենք ձեռք բերել

13:07, 29.09.2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է տեղեկությունն այն մասին, թե իբր Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի հետ քննարկել է ամերիկյան արտադրության զենքի վաճառքի հարցը։ Այս մասին տեղեկությունը տարածում է The Hill-ը։

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի ղեկավարին ամերիկյան զենքի վաճառք չի առաջարկել։ Այնուամենայնիվ, նա նշել է, որ Չինաստանը «հավանաբար ցանկանում է» գնել այն։

«Այդ մասին երբեք չեմ լսել։ Կարիք էլ չկա, որ նրան հարցնեմ։ Դուք ի նկատի ունեք, որ մենք պատրաստվում ենք դա նրանց վաճառե՞լ։ Ոչ, նրանք, հավանաբար, ցանկանում են գնել դա, որովհետև մենք նրանցից ավելի լավ սպառազինություն ենք արտադրում։ Այնպես որ, հնարավոր է՝ դա լավ գաղափար է, բայց մենք դա չենք քննարկել»,- հայտարարել է Թրամփը։

ԱՄՆ նախագահի ենթադրությամբ՝ Չինաստանում ԱՄՆ դեսպան Դևիդ Փերդյուն իր հայտարարության մեջ սխալ է թույլ տվել և Չինաստանը շփոթել է Թայվանի հետ։

«Հնարավոր է՝ նա ի նկատի ուներ Թայվանը։ Կարծում եմ՝ հավանաբար հենց դա ի նկատի ուներ»,- նշել է Դոնալդ Թրամփը։

Ի գիտություն՝ Չինաստանում ԱՄՆ դեսպան Դևիդ Փերդյուն Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանի նախագահ Սի Ծինփինին առաջարկել է ամերիկյան զենք ձեռք բերել։ Փերդյուի խոսքով՝ Թրամփը հանդիպման ժամանակ Սի Ծինփինին հարցրել է, թե արդյոք չի ցանկանում ամերիկյան զենք գնել։ Դիվանագետը չէր հստակեցրել, թե կոնկրետ ինչ տեսակի սպառազինության մասին է խոսքը։

Նմանատիպ