Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է այցելել Ուկրաինա և ելույթ ունենալ Ռադայում, եթե դա օգնի դադարեցնել պատերազմը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ պատրաստ է այցելել Ուկրաինա և հանդես գալ ելույթով Գերագույն ռադայում, եթե դա կնպաստի պատերազմը դադարեցնելու գործընթացին։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Թրամփին հարց է ուղղվել՝ նախատեսում է արդյոք այցելել Ուկրաինա։
«Մենք ցանկանում ենք համաձայնության հասնել, և դրա համար պարտադիր չէ մեկնել։ Բայց ես նրանց առաջարկել եմ այցելել Ուկրաինա և հանդես գալ ելույթով խորհրդարանում։ Եթե դա օգտակար կլինի։ Չգիտեմ՝ արդյոք դա օգնություն կլինի, կարծում եմ՝ հնարավոր է, բայց չեմ կարող վստահ ասել», – նշել է Թրամփը։
Վոլոդիմիր Զելենսկին ասել է, որ միշտ ուրախ կլինեն ԱՄՆ նախագահին տեսնել Ուկրաինայում, ինչին Թրամփը պատասխանել է, որ եթե դա կնպաստի մարդկանց կյանքերի փրկությանը, ինքը պատրաստ է դա անել։
«Ես խնդիր չունեմ դա անելու։ Ցանկանում եմ, որ համաձայնագիրն ավարտվի, և այցն անհրաժեշտ չլինի։ Չգիտեմ՝ դա արդյոք կօգնի։ Բայց եթե դա օգնի փրկել ամսական 25 000 կյանք, իհարկե պատրաստ եմ անել դա», – հավելել է Թրամփը։