Դոնալդ Թրամփը հայտարարել է Մեքսիկայի և Կանադայի դեմ նոր մաքսատուրքեր սահմանելու մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Մեքսիկայի և Կանադայի դեմ նոր մաքսատուրքեր սահմանելու մասին:
Թրամփի խոսքով՝ Կանադայի նկատմամբ դժգոհությունը կապված է անտառային հրդեհների ծխի հետ, որը տարածվում է նաև ԱՄՆ տարածքում: Մեքսիկայի առնչությամբ ԱՄՆ նախագահը ուշադրություն է հրավիրել վերջին շրջանում տարածված սննդային թունավորումների դեպքերի վրա, ինչը, նրա խոսքով, առաջացել է Մեքսիկայից ԱՄՆ ներմուծված ապրանքների պատճառով:
«Կարծում եմ՝ մեծ մաքսատուրք կսահմանենք Մեքսիկայի նկատմամբ հազարի (սալաթի) տերևների պատճառով և մեծ մաքսատուրք կսահմանենք նաև Կանադայի նկատմամբ՝ ծխի պատճառով: Ո՞րը կընտրեիք՝ հազա՞րը, թե՞ ծուխը: Ես ծուխը կընտրեի: Կանադային ասացի, որ սրա դեմ պետք է ինչ-որ բան ձեռնարկեն: Մենք երբեք այս խնդիրը չենք ունեցել: Կանադայի հետ այս խնդիրն առաջացավ, այնպես որ սրա մասին ստիպված կլինենք խոսել նրանց հետ», – հայտարարել է ԱՄՆ նախագահը:
Բացի այդ, Օվալաձև աշխատասենյակում Դոնալդ Թրամփը խոսել է նաև Վենեսուելայի մասին: Լրագրողը ԱՄՆ նախագահին հարցրել է, թե արդյոք Վենեսուելայում ընտրություններ անցկացնելու պլան կա:
«Նրանք դեռ պատրաստ չեն ընտրությունների, բայց մեծ առաջընթաց է գրանցվել: Վենեսուելայից արտահանվող նավթի ծավալն այժմ ավելի շատ է, քան երբևէ եղել է: Այդ երկիրն արդեն մեռած էր, քանի դեռ մենք չէինք եկել: Այժմ Վենեսուելան ծայրահեղ հաջողակ է դառնում», – հայտարարել է ԱՄՆ նախագահը:
Ի գիտություն՝ անցյալ շաբաթ Օնտարիոյում մոլեգնող հրդեհը հասել է 735,000 հեկտարի: Ինչ վերաբերում է մեքսիկական հազարի տերևներին, երկրի առողջապահության նախարար Դավիդ Կերշենոբիչի հայտարարությամբ՝ առայժմ ապացույցներ չկան, որ հենց Մեքսիկայից ներմուծված հազարի տերևներն են առաջացրել ԱՄՆ-ում մակաբույծով պայմանավորված հիվանդության տարածումը: Հիվանդությունը, որն ստամոքս-աղիքային տրակտի սուր խնդիրներ է առաջացնում, տարածվել է Ինդիանայում, Քենթուկիում, Միչիգանում, Օհայոյում և Արևմտյան Վիրջինիայում. բոլոր դեպքերը կապված են Taco Bell ռեստորաններում մատուցված հազարի տերևների հետ: ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տվյալներով՝ մոտ 100 մարդ հիվանդանոց է տեղափոխվել: