Դոնալդ Թրամփը և մոտ 20 երկրների ներկայացուցիչներ ստորագրեցին «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը։ Ինչպես Դոնալդ Թրամփի ելույթից հետո հայտարարել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Քերոլայն Լիվիթը, այսուհետ «Խաղաղության խորհուրդը» պաշտոնական միջազգային կազմակերպություն է։ Դրանից հետո «Խաղաղության խորհրդի» կանոնադրությանը ստորագրություն են դրել նաև ներկա երկրների ղեկավարները։
Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի ընթացքում։ Միջոցառմանը ներկա են եղել Մերձավոր Արևելքի և Հարավային Ամերիկայի երկրների ներկայացուցիչներ՝ Սաուդյան Արաբիայից, Կատարից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Արգենտինայից, Պարագվայից, ինչպես նաև Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Ինչպես իր ելույթում նշել է Դոնալդ Թրամփը, «Խաղաղության խորհուրդը» համագործակցելու է բազմաթիվ այլ կազմակերպությունների, այդ թվում՝ ՄԱԿ-ի հետ։