Դոնալդ Թրամփը Չինաստանին մեղադրել է սակագների նվազեցման վերաբերյալ պայմանագրի խախտման մեջ – ամեն ինչ արագ կայունացավ, բոլորը երջանիկ էին, սակայն Չինաստանը ամբողջությամբ խախտեց պայմանագիրը
Դոնալդ Թրամփը Չինաստանին մեղադրել է սակագների նվազեցման վերաբերյալ կնքված պայմանագրի խախտման մեջ։ Այս մասին Թրամփը գրել է իր սոցիալական ցանցում։
«Երկու շաբաթ առաջ Չինաստանը լուրջ տնտեսական վտանգի տակ էր։ Իմ կողմից սահմանված շատ բարձր սակագները, փաստորեն, անհնարին դարձրեցին Չինաստանի համար առևտուրը Միացյալ Նահանգների շուկայում, որն անտարակույս համարվում է աշխարհում առաջինը։ Դա նրանց համար կործանարար էր։ Շատ գործարաններ փակվեցին և, մեղմ ասած, «քաղաքացիական անկարգություններ» տեղի ունեցան։ Ես տեսնում էի, ինչ էր կատարվում, և դա ինձ դուր չեկավ՝ նրանց, այլ ոչ թե մեզ համար։ Արագորեն պայմանագիր կնքեցի Չինաստանի հետ, որպեսզի փրկեմ նրանց այդ իրավիճակից, որը, իմ կարծիքով, շատ վատ կլիներ, և չէի ցանկանում դա տեսնել։ Այդ պայմանագրի շնորհիվ ամեն ինչ արագ կայունացավ, և Չինաստանը վերադարձավ իր սովորական ռեժիմին։ Բոլորը երջանիկ էին։ Դա լավ նորություն է։ Վատ նորությունն այն է, որ Չինաստանը ամբողջությամբ խախտեց մեզ հետ կնքած պայմանագիրը, ինչը, գուցե, որոշների համար զարմանալի չլինի», – գրել է Դոնալդ Թրամփը։