Դոնալդ Թրամփ. Եվրոպան ղեկավարում են թույլ մարդիկ, առանց սահմանային քաղաքականության փոփոխության որոշ եվրոպական պետություններ կկորցնեն իրենց կենսունակությունը, Եվրոպան կոչնչանա
Դոնալդ Թրամփ. Եվրոպան ղեկավարում են թույլ մարդիկ, առանց սահմանային քաղաքականության փոփոխության որոշ եվրոպական պետություններ կկորցնեն իրենց կենսունակությունը, Եվրոպան կոչնչանա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Politico-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Եվրոպան ղեկավարվում է «թույլ» մարդկանց կողմից և հայտնել է, որ աջակցելու է այն եվրոպացի քաղաքական գործիչներին, որոնք համակարծիք են իր տեսլականին։

Հարցազրույցում Թրամփը խոսել է նաև միգրացիայի մասին՝ Լոնդոնը և Փարիզը բնորոշելով որպես քաղաքներ, որոնք «ճնշված են» Մերձավոր Արևելքից և Աֆրիկայից միգրացիայի ծանրությունից։

Նրա կարծիքով, առանց սահմանային քաղաքականության փոփոխության՝ որոշ եվրոպական երկրներ կարող են կորցնել իրենց կենսունակությունը։

«Կարծում եմ՝ նրանք թույլ են, բայց նաև կարծում եմ՝ ցանկանում են քաղաքականապես կոռեկտ լինել։ Կարծում եմ՝ նրանք պարզապես չեն հասկանում՝ ինչ անել։ Եվրոպան չգիտի՝ ինչ անել։ Քաղաքական կոռեկտության փոխարեն ավելի լավ է միգրանտներին հետ ուղարկել։ Ինչպես գիտեք, իմ արմատները Եվրոպայից են, և ինձ ցավ է պատճառում տեսնել՝ ինչ է տեղի ունենում այնտեղ։ Նրանք մարդկանց թույլ են տալիս մուտք գործել առանց ստուգման։ Եվրոպան կործանվում է։ Ես աջակցում եմ մարդկանց, որոնք շատ եվրոպացիներին դուր չեն գալիս։ Ես աջակցել եմ Վիկտոր Օրբանին», – ասել է Թրամփը։

Նրա խոսքով՝ այն, ինչ այսօր տեղի է ունենում Եվրոպայում, «սարսափելի է», և հնարավոր է, որ Եվրոպան դառնա «լիովին այլ վայր»։

«Պետք է հասկանաք իմ մոտեցումը Եվրոպայի նկատմամբ՝ ես ուզում եմ տեսնել ուժեղ Եվրոպա։ Երբ նրանք միլիոնավոր մարդկանց ընդունում են իրենց երկրներում, նրանց մեծ մասը հանցագործություններ է կատարում։ Տեսեք Շվեդիային։ Ես չեմ քննադատում Շվեդիային, ես սիրում եմ Շվեդիան։ Ես սիրում եմ շվեդ ժողովրդին։ Բայց նրանք դարձան երկիր, որն անցյալում ազատ էր հանցագործություններից, իսկ հիմա լի է հանցավորությամբ։ Տեսեք Գերմանիային։ Գերմանիան նույնպես ազատ էր հանցագործությունից, իսկ Անգելա Մերկելը թույլ տվեց երկու մեծ սխալ՝ միգրացիա և էներգետիկա։ Ես չունեմ Եվրոպայի ապագայի տեսլական։ Միակ բանը, որ ուզում եմ տեսնել՝ ուժեղ Եվրոպա է։ Ես տեսլական ունեմ նախ և առաջ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար։ Դա է «Կրկին մեծ դարձնենք Ամերիկան» գաղափարը։ Ես ունեմ աչքեր, ունեմ ականջներ, ունեմ գիտելիքներ։ Ես ունեմ հսկայական գիտելիքներ։ Տեսնում եմ՝ ինչ է կատարվում։ Ես ստանում եմ հաշվետվություններ, որոնց դուք երբեք չեք տեսնի։ Եվ կարծում եմ, որ սարսափելի է այն, ինչ կատարվում է Եվրոպայում։ Կարծում եմ՝ դա սպառնալիք է Եվրոպային, որը մենք գիտենք։ Եվրոպան կարող է լիովին այլ վայր դառնալ», – նշել է Դոնալդ Թրամփը։