Դոնալդ Թրամփ. Եթե Իրանը 48 ժամվա ընթացքում չբացի Հորմուզի նեղուցը, ԱՄՆ-ն կհարվածի և կոչնչացնի նրանց տարբեր էլեկտրակայանները
Դոնալդ Թրամփ. Եթե Իրանը 48 ժամվա ընթացքում չբացի Հորմուզի նեղուցը, ԱՄՆ-ն կհարվածի և կոչնչացնի նրանց տարբեր էլեկտրակայանները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանին 48 ժամյա ժամկետ է տվել Հորմուզի նեղուցը բացելու համար, հակառակ դեպքում Սպիտակ տան ղեկավարը սպառնում է հարվածել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին։

Թրամփը այս մասին գրել է սոցիալական ցանցերում։

«Եթե Իրանը 48 ժամվա ընթացքում ամբողջությամբ և առանց սպառնալիքի չբացի Հորմուզի նեղուցը, Ամերիկայի Միացյալ Նահանգները կհարվածի և կոչնչացնի նրանց տարբեր էլեկտրակայանները՝ սկսած ամենամեծից», – գրել է Դոնալդ Թրամփը։

Բացի այդ, մեկ այլ գրառման մեջ Թրամփը նշում է, որ ԱՄՆ-ն հասնում է Իրանի վերաբերյալ իր նպատակներին, և ծրագիրը նույնիսկ իրականացվում է ժամանակացույցից շուտ։ Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները կարողացել է կարճ ժամանակում չեզոքացնել Իրանի առաջնորդներին և զինված ուժերին։

«Միացյալ Նահանգները Իրանին ջնջել է քարտեզից, բայց նրանց մակերեսային վերլուծաբան Դեյվիդ Սանգերն ասում է, որ ես չկարողացա հասնել իմ նպատակներին։ Այո՛, ես դա արեցի, և շաբաթներ շուտ։ Նրանց առաջնորդները գնացել են, նրանց նավատորմն ու օդուժը ոչնչացված են, նրանք բացարձակապես ոչ մի պաշտպանություն չունեն, և նրանք ուզում են գործարք կնքել, իսկ ես՝ ոչ։ Մենք շաբաթներով առաջ ենք անցել ժամանակացույցից։ Ինչպես իմ ընտրությունների իր անգործունակ լուսաբանման մեջ, ձախողված «Նյու Յորք Թայմսը» միշտ սխալվում է», – գրել է ԱՄՆ նախագահը։