Դոնալդ Թրամփ. Ես կարող եմ հասկանալ Ռուսաստանի զգացմունքները Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ

23:18, 07.01.2025

Ամերիկայի Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունների համաձայն՝ Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայում այս պահին «շատ ավելի բարդ է» և կարող է էլ ավելի սրվել։

Մար-ա-Լագոյում լրագրողների հետ զրույցում Թրամփը քննադատել է նախագահ Ջո Բայդենի՝ Ուկրաինայի հետ բանակցային մարտավարությունը։

Դոնալդ Թրամփը նաև մեղադրել է ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենին Ռուսաստան-Ուկրաինա պատերազմ սկսելու մեջ։ Ինչպես պարզաբանել է ԱՄՆ նորընտիր նախագահը, նա «կարող է հասկանալ Ռուսաստանի զգացմունքները»՝ կապված Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին միանալու հետ։

Խոսելով պատերազմի պատճառների մասին՝ Թրամփը նշել է, որ Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հավանականությունը «երկար տարիներ Ռուսաստանի խնդրի զգալի մասն է եղել»։

«Այդ ժամանակ ինչ-որ տեղ Բայդենն ասաց. «Ոչ, ուկրաինացիները պետք է հնարավորություն ունենան անդամակցելու ՆԱՏՕ-ին: Ես կարող եմ հասկանալ Ռուսաստանի զգացմունքներն այս հարցում։ Իրականում, կարծում եմ, որ նրանք համաձայնություն ունեին, իսկ հետո Բայդենը խախտեց այն։ Նրանք այնպիսի գործարք ունեին, որը կբավարարեր Ուկրաինային և մնացած բոլորին, բայց Բայդենն ասաց. «Ոչ, դուք պետք է կարողանաք անդամակցել ՆԱՏՕ-ին», – ասել է Թրամփը։

Հարցին, թե երբ է նախատեսում հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելու Ուկրաինայում շարունակվող պատերազմը, Թրամփը պատասխանել է. «Ես չեմ կարող դա ասել, բայց գիտեմ, որ Պուտինը ցանկանում է հանդիպել: Չեմ կարծում, որ ճիշտ է հանդիպել մինչև 20-ը, ինչը ես ատում եմ, քանի որ գիտեք, որ մարդիկ ամեն օր մահանում են՝ շատ ու շատ երիտասարդներ են մահանում՝ զինվորներ»:

Դոնալդ Թրամփի խոսքով՝ պատերազմը չէր լինի, եթե նա լիներ նախագահ։ «Այս պատերազմը կարող է վերածվել շատ ավելի լուրջ իրավիճակի, քան հիմա է»,- ասել է Դոնալդ Թրամփը։

Նմանատիպ