Դոնալդ Թրամփ. Շատ հիասթափված եմ Իլոն Մասքից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ շատ զարմացած և հիասթափված է բյուջետային օրինագծի վերաբերյալ Իլոն Մասկի մեկնաբանություններից։ Դոնալդ Թրամփն այս մասին հայտնել է Սպիտակ տանը՝ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ լրագրողների հետ զրույցում։
«Իլոնի և իմ հարաբերությունները գերազանց էին։ Չգիտեմ՝ արդյոք դեռ կլինեն», – նշել է ԱՄՆ նախագահը։
Թրամփի խոսքով՝ Իլոն Մասկին օրինագծի հետ կապված խնդիրներ առաջացան այն բանից հետո, երբ իմացավ, որ կառավարությունը նախատեսում է կրճատել էլեկտրամոբիլների քվոտան։
«Ես շատ հիասթափված եմ, քանի որ Իլոնը այս օրինագծի ներքին գործընթացները այստեղ եղածներից ավելի լավ գիտեր։ Ձերիցս ավելի լավ։ Նա ամեն ինչ գիտեր դրա մասին։ Նրա հետ երբեք խնդիր չի եղել։ Խնդիրը հանկարծ առաջացավ, երբ նա պարզեց, որ մենք պատրաստվում ենք կրճատել էլեկտրամոբիլների մանդատը, քանի որ դա միլիարդավոր դոլարների հարց է, և դա իսկապես անարդար է։ Մենք ուզում ենք ունենալ ամեն տեսակի մեքենա՝ էլեկտրական, բայց ուզում ենք նաև ունենալ բենզինով շարժիչով մեքենաներ և այլք։ Մենք ուզում ենք ունենալ հիբրիդային մեքենաներ։ Մենք ուզում ենք, որ հնարավոր լինի վաճառել ամեն ինչ։ Եվ երբ Կոնգրեսը որոշեց կրճատել դա, նա մի փոքր փոխվեց, և ես կարող եմ դա հասկանալ, սակայն նա գիտեր այս օրինագծի բոլոր ասպեկտները։ Նա այն գրեթե բոլորից լավ գիտեր, և երբեք խնդիր չի ունեցել դրա հետ, մինչև որ չգնաց ու եթե նայեք, հայտարարությունները, որ նա արել է իմ մասին, որոնք, վստահ եմ, շատ հեշտ կգտնեք, բոլորովին նոր են։ Նա ասել է լավ բաներ իմ մասին։ Ինձ անձամբ նա վատ ոչինչ չի ասել, բայց վստահ եմ՝ դա էլ կգա։ Այնուամենայնիվ, ես շատ հիասթափված եմ Իլոնից։ Ես Իլոնին շատ եմ օգնել», – ասել է Թրամփը։
Ի պատասխան՝ Իլոն Մասկը այդ հայտարարությունը կեղծ է անվանել և նշել, որ օրինագիծը երբեք իրեն չեն ներկայացրել։ Մասկի գնահատմամբ՝ օրինագիծը ծախսերի վատնում է։
«Քաղաքակրթության ամբողջ պատմության ընթացքում երբեք չի եղել օրենսդրություն, որը լինի և՛ մեծ, և՛ հիասքանչ։ Բոլորը գիտեն դա։ Դու կամ ստանում ես մեծ ու տգեղ օրինագիծ, կամ բարակ և գեղեցիկ», – գրել է Մասկը սոցիալական ցանց X-ում օրինագծի վերաբերյալ, որին Թրամփը «մեծ և հիասքանչ» էր անվանել։
Իլոն Մասկը անցած շաբաթ թողել է ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի ղեկավարի պաշտոնը։ Նշված բաժինը, որը ստեղծվել էր ծախսերի նվազեցման նպատակով, Մասկը ղեկավարել է 129 օր։
Հիշեցնենք, որ օրինագիծը նախատեսում է շարունակել Դոնալդ Թրամփի առաջին վարչակազմի ժամանակ՝ 2017 թվականին ընդունված հարկային արտոնությունները, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսավորում տրամադրել պաշտպանության ոլորտին և ապօրինի միգրանտների զանգվածային արտաքսմանը։ Այն նաև նախատեսում է պետական պարտքի սահմանաչափի ավելացում մինչև չորս տրիլիոն դոլար։
Ներկայումս օրինագիծը ներկայացված է Սենատում։