Դոնալդ Թրամփ – Ռուսաստանը և Ուկրաինան անմիջապես կսկսեն բանակցություններ հրադադարի և պատերազմի դադարեցման վերաբերյալ, որոնց պայմանները պետք է բանակցվեն երկու կողմերի միջև
Ռուսաստանը և Ուկրաինան անմիջապես կսկսեն բանակցություններ հրադադարի և պատերազմի դադարեցման վերաբերյալ, գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցիալական ցանցերում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո։
Թրամփը նշել է, որ համաձայնագրի պայմանները պետք է բանակցվեն երկու կողմերի միջև։
«Ես հենց նոր ավարտեցի երկու ժամ տևած զրույցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Կարծում եմ՝ զրույցը շատ լավ անցավ։ Ռուսաստանը և Ուկրաինան անմիջապես կսկսեն բանակցություններ հրադադարի և, ավելի կարևորը՝ պատերազմի դադարեցման վերաբերյալ։ Դրա պայմանները պետք է բանակցվեն երկու կողմերի միջև, քանի որ միայն նրանք գիտեն բանակցությունների մանրամասները, որոնք ուրիշ ոչ ոք չգիտի», – ասաց Դոնալդ Թրամփը։
Նրա խոսքով՝ Պուտինի հետ զրույցի տոնն ու ոգին գերազանց էին։
«Եթե դա չլիներ, ես դա կասեի հիմա, ոչ թե հետո։ Երբ այս աղետալի արյունահեղությունն ավարտվի, Ռուսաստանը ցանկանում է մեծածավալ առևտուր անել Միացյալ Նահանգների հետ, և ես համաձայն եմ դրա հետ։ Ռուսաստանը հսկայական հնարավորություն ունի ստեղծելու շատ աշխատատեղեր և հարստություն։ Նրա ներուժը անսահմանափակ է։ Ուկրաինան նույնպես կարող է մեծ օգուտ քաղել առևտրից երկրի վերականգնման գործընթացում։ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները կսկսվեն անմիջապես։ Ես արդեն տեղեկացրել եմ այս մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, Իտալիայի վարչապետ Ջորիա Մելոնիին, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցին և Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստաբսին՝ Պուտինի հետ զրույցից հետո ունեցած իմ հեռախոսազրույցի ժամանակ։ Վատիկանը մեծ հետաքրքրություն է հայտնել բանակցությունները հյուրընկալելու հարցում։ Թող գործընթացը սկսվի։ Դոնալդ Թրամփ։