Դոնալդ Թրամփ. Պուտինի կողմից հայտարարված եռօրյա հրադադարը կարող է մեծ նվաճում չթվալ, բայց այն շատ բան է՝ համեմատած նրա հետ, թե որտեղից ենք սկսել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վլադիմիր Պուտինի կողմից հայտարարված այսպես կոչված եռօրյա զինադադարի մասին ասում է, որ «դա շատ բան է նախկինում եղածի համեմատ»։ Այս մասին Դոնալդ Թրամփն ասել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում։
Խոսելով Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի համատեքստում խաղաղության ջանքերի մասին՝ Թրամփը նշել է, որ նրանք լավ դիրքում են գտնվում համաձայնության հասնելու համար։
«Ինչպես գիտեք, Պուտինը հենց նոր հայտարարեց եռօրյա հրադադարի մասին, որը կարող է մեծ բան չթվալ, բայց դա շատ բան է այն բանի համեմատ, թե որտեղից սկսեցինք», – ասել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը բացատրել է, որ իր կարծիքով Ռուսաստանը նախկինում պատրաստ չէր որևէ տեսակի զինադադարի, քանի որ իր նախորդ Ջո Բայդենը երեք տարի չի խոսել Պուտինի հետ։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 9-11-ը Ուկրաինայում հրադադարի մասին հայտարարեց՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 80-ամյակի տոնակատարության օրերին։