Դոնալդ Թրամփ – Միացյալ Թագավորության հետ ձեռք բերված համաձայնագիրը ամբողջական և համապարփակ է, որը կամրապնդի երկու երկրների միջև հարաբերությունները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի հետ ձեռք բերված համաձայնագիրը համապարփակ է և կամրապնդի երկու երկրների միջև հարաբերությունները առաջիկա տարիների ընթացքում։
Դոնալդ Թրամփը այս մասին գրել է իր սոցցանցում։
Դոնալդ Թրամփը նաև նշում է, որ սպասվում են համաձայնագրեր այլ երկրների հետ, որոնք գտնվում են բանակցային փուլում։
«Միացյալ Թագավորության հետ համաձայնագիրը լիարժեք և համապարփակ համաձայնագիր է, որը կամրապնդի Միացյալ Նահանգների և Միացյալ Թագավորության միջև հարաբերությունները առաջիկա տարիների ընթացքում։ Հաշվի առնելով մեր երկար պատմությունը և միմյանց նկատմամբ նվիրվածությունը, մեծ պատիվ է, որ մենք առաջինն ենք հայտարարում Միացյալ Թագավորության հետ համաձայնագրի մասին։ Դրան կհաջորդեն շատ ավելի համաձայնագրեր, որոնք գտնվում են բանակցությունների լուրջ փուլում» – գրում է Դոնալդ Թրամփը։
ԱՄՆ-Մեծ Բրիտանիայի համաձայնագրի մանրամասները դեռևս հայտնի չեն, սակայն կողմերը քննարկել են մաքսատուրքերի նվազեցման հարցը, այդ թվում՝ ավտոմեքենաների, գյուղատնտեսական արտադրանքի և ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների վրա։ Միացյալ Նահանգները ներկայումս Մեծ Բրիտանիայի նկատմամբ ունի 10% բազային մաքսատուրք, սակայն ավտոմեքենաների, ալյումինի և պողպատի մաքսատուրքերը կազմում են 25%։