Դոնալդ Թրամփ. Իրանցիները շատ են ցանկանում համաձայնության գալ, մենք նույնպես ցանկանում ենք, եթե ամեն ինչ լավ ընթանա, մենք վերջապես կլուծենք այն, հակառակ դեպքում մենք կշարունակենք ռմբակոծել մեր ողջ ուժով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքով՝ իրանցիները շատ են ցանկանում համաձայնության գալ։ Այս մասին Թրամփը լրագրողներին ասել է Ֆլորիդայում։
«Նրանք իսկապես ցանկանում են համաձայնության գալ, մենք ուզում ենք համաձայնության գալ», – ասել է Թրամփը՝ նշելով, որ այս հարցի շուրջ բանակցությունները, հավանաբար, տեղի կունենան այսօր հեռախոսազրույցի ժամանակ։
Դոնալդ Թրամփը հիշատակել է «ԱՄՆ գործընկերներին Մերձավոր Արևելքում» և ընդգծել նրանց կարևորությունը քննարկումներում։
«Եթե ամեն ինչ լավ ընթանա, մենք ի վերջո կլուծենք այս խնդիրը։ Հակառակ դեպքում մենք պարզապես կշարունակենք ռմբակոծել», – ասել է Թրամփը։
Բացի այդ, ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Իրանը կարող է համաձայնվել դադարեցնել իր միջուկային զենքի ծրագիրը՝ խաղաղության դիմաց։
«Վաղը, նրանց ժամանակով առավոտյան, մենք պատրաստվում էինք պայթեցնել նրանց ամենամեծ էլեկտրակայանը, որի կառուցումը արժեցել է ավելի քան 10 միլիարդ դոլար։ Դա շատ լավ օբյեկտ էր, փողի պակաս չկար։ Այն մեկ հարվածով կվերանար, կփլուզվեր։ Ինչո՞ւ պետք է նրանք դա ցանկանային։ Դրա համար էլ նրանք զանգահարեցին մեզ, ես չզանգահարեցի, նրանք զանգահարեցին ինձ։ Նրանք ուզում են համաձայնագիր։ Մենք պատրաստ ենք համաձայնագիր կնքել։ Դա պետք է լինի լավ համաձայնագիր, այլևս պատերազմներ և միջուկային զենքեր չկան։ Նրանք միջուկային զենք չեն ունենալու։ Նրանք համաձայն են դրան։ Եթե այդ հարցում համաձայնագիր չլինի, ապա ընդհանրապես համաձայնագիր չկա», – ասել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը լրագրողներին ասել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև «գործարք» է եղել։ Թրամփը ասել է, որ իր ներկայացուցիչներ Սթիվ Ուիթաքերը և Ջարեդ Քուշները ներգրավված են եղել բանակցություններում։
«Կտեսնենք, թե որտեղ մեզ կտանի։ Մենք ունենք հիմնական համաձայնություն։ Ես կասեի, որ գրեթե բոլոր հարցերում համաձայնություն կա», – ասաց Թրամփը։
ԱՄՆ նախագահն ասաց, որ ԱՄՆ-ն խոսում է «իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի» հետ, բայց ոչ նոր գերագույն առաջնորդի։
«Մենք չգիտենք՝ նա ողջ է, թե ոչ», – ասաց Թրամփը։
Տեղեկության համար, Դոնալդ Թրամփի հայտարարություններին նախորդել էր սոցիալական ցանցերում նրա գրառումը, որում նա ասել էր, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցություններ են անցկացվել, որից հետո նա հրամայել է հինգ օրով հետաձգել իրանական էլեկտրակայանների վրա հարձակումները։ Սակայն Իրանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է, որ երկու երկրների միջև որևէ բանակցություններ են տեղի ունեցել։