Դոնալդ Թրամփ. Հորմուզի նեղուցը շուտով կբացվի, հակառակ դեպքում Իրանը շատ ծանր հարված կստանա
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում ասել է, որ Թեհրանի հետ «շատ լավ բանակցություններ» են ընթանում, սակայն զգուշացրել է, որ եթե Իրանը չկատարի իր պարտավորությունները, Միացյալ Նահանգները կվերսկսի ռազմական հարվածները։
«Հորմուզի նեղուցը շատ շուտով կբացվի, հակառակ դեպքում նրանք շատ ուժեղ հարված կստանան», – ասել է Թրամփը։
ԱՄՆ նախագահի խոսքով, եթե Իրանը կրկին չպահպանի համաձայնագիրը, պատասխանը շատ ավելի խիստ կլինի։
«Եթե նրանք կրկին նահանջեն, շատ ուժեղ հարված կստանան։ Նրանք գիտեն դա, հասկանում են, որ ես այլ ընտրություն չունեմ», – ասել է ԱՄՆ նախագահը։
Բացի այդ, Թրամփը նշել է, որ իր գլխավոր նպատակը ռազմական գործողությունները չվերսկսելն է և նախընտրում է դիվանագիտական համաձայնագիրը։
«Մենք նրանց շատ, շատ ուժեղ հարված ենք հասցրել, բայց ամենածանր հարվածը դեռ առջևում է, և ես հույս ունեմ, որ մենք ստիպված չենք լինի օգտագործել այն։ Հուսով եմ, որ դա անհրաժեշտ չի լինի. մենք շատ լավ բանակցություններ ենք վարում։ Նրանք պարզապես չեն ուզում խոստովանել դա», – ասել է Թրամփը։
Իրանը հերքում է, որ ուղիղ բանակցություններ է վարում Միացյալ Նահանգների հետ։ Թեհրանը պնդում է, որ Հորմուզի նեղուցի վերաբերյալ բանակցություններ է վարում միայն Օմանի հետ։