Դոնալդ Թրամփ. Հորմուզի նեղուցը բացվում է, և նավերը վերադառնում են
Դոնալդ Թրամփ. Հորմուզի նեղուցը բացվում է, և նավերը վերադառնում են

«Հորմուզի նեղուցը բացվում է, և նավերը վերադառնում են», – այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Թրամփը հարցի վերաբերյալ հավելյալ մանրամասներ չի հստակեցրել։

Բացի այդ, ԱՄՆ նախագահը Իրանի հետ կապված հայտարարել է, որ պատերազմը մոտենում է ավարտին, և ԱՄՆ-ն կարող է այդ երկրի հետ «մեծ համաձայնագիր» կնքել։

Դոնալդ Թրամփի խոսքով՝ «եթե Իրանին միջուկային զենք տաս, աշխարհը կպայթի»։

ԱՄՆ նախագահը 2015 թվականին ստորագրված Իրանի միջուկային համաձայնագիրը որակել է որպես «վատթարագույն համաձայնագիր»։ Նրա խոսքով՝ եթե ԱՄՆ-ն անցյալ տարի չռմբակոծեր Իրանի միջուկային օբյեկտները, Իրանը միջուկային զենք կկիրառեր Իսրայելի, իր մերձավորարևելյան հարևանների և ԱՄՆ-ի դեմ։

Միևնույն ժամանակ, ինչպես հայտարարում է Դոնալդ Թրամփը, այն բանից հետո, երբ լսել է տեղեկություններ, թե Չինաստանը Իրանին զենք է մատակարարում, ինքը նամակ է գրել երկրի նախագահ Սի Ցզինպինին և խնդրել, որ նա դա չանի։ Նրա խոսքով՝ Սի Ցզինպինը պատասխան նամակում «ըստ էության» նշել է, որ Չինաստանը դա չի անում։

Ինչ վերաբերում է բենզինի գներին, ԱՄՆ նախագահը հայտարարում է, որ երբ պատերազմն ավարտվի, դրանք զգալիորեն կնվազեն։ Բացի այդ, նրա խոսքով, պատերազմի ավարտից հետո կնվազեն նաև էլեկտրաէներգիայի գները։