Դոնալդ Թրամփ. Հողերի մի մասն արդեն վերցված է, մի մասը կարող է վիճարկվել, ավելի լավ է հիմա գործարք կնքել, Ռուսաստանը ցանկանում է ավարտել այն, Ուկրաինան նույնպես ցանկանում է, կարծում եմ՝ ժամանակն է ավարտել այն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ռուս-ուկրաինական խաղաղ բանակցությունների գործընթացում չլուծված հարցերից մեկն անվանել է տարածքային զիջումները։
«Տարածքի մի մասը արդեն վերցված է, մի մասն էլ կարող է վիճարկվող լինել։ Հնարավոր է, նրանք այն գրավեն առաջիկա ամիսների ընթացքում։ Ավելի լավ է հիմա պայմանավորվեն։ Ռուսաստանը ցանկանում է սա ավարտել, Ուկրաինան նույնպես։ Կարծում եմ, ժամանակն է՝ սա ավարտվի», – ասել է Թրամփը լրագրողների հետ զրույցում։
Նրա խոսքով՝ իր նախագահության ընթացքում ոչինչ տեղի չունեցավ, քանի որ նա պահպանել էր լավ հարաբերություններ Վլադիմիր Պուտինի հետ։ Թրամփը նշեց, որ իր պաշտոնաթողությունից հետո իրավիճակը փոխվել է, իսկ նոր վարչակազմի հայտարարությունները նպաստել են պատերազմի սկսվելուն։
Թրամփը նաև շեշտել է, որ թեև Պուտինի հետ ունեցել է լավ անձնական հարաբերություններ, սակայն քաղաքական մեղադրանքները դժվարացրել են առևտուրը, ինչը վնասել է երկու կողմին։
«Գիտեք, մեծ առաջընթաց կարելի էր ունենալ Ռուսաստանի հետ առևտրում։ Նրանք ունեն հիանալի հողեր, հանքային պաշարներ և այլն։ Մենք էլ ունենք բաներ, որոնք նրանք շատ են ուզում», – նշել է Թրամփը։
Լրագրողի հարցին՝ նախատեսվո՞ւմ է արդյոք վաղը հեռախոսազրույց Պուտինի հետ, Թրամփը պատասխանել է.
«Դա կախված է այն բանից, թե ինչ կպատահի վաղը – եթե ինչ-որ բան ավելանա, ապա հնարավոր է։ Հակառակ դեպքում՝ անհրաժեշտություն չկա»։
Թրամփը խոսել է նաև Ուկրաինայում հանրաքվե անցկացնելու հարցի մասին։
«Հնարավոր է, նրանք պետք է հաստատեն իրենց ծրագիրը՝ կամ խորհրդարանի, կամ հանրաքվեի միջոցով։ Կարծում եմ՝ իրենք դա ցանկանում են։ Իմ տեղեկություններով՝ եղել է հարցում, որտեղ 91 տոկոսը կողմ է պատերազմի ավարտին։ Այսինքն՝ նրանք ցանկանում են դրա ավարտը, ինչպես բոլորն են ուզում։ Ռուսաստանը ցանկանում է վերջ դնել, բոլորը ցանկանում են վերջ դնել, մենք նույնպես։ Չեմ ուզում տեսնել շատ մարդկանց մահը», – ասել է Թրամփը Վոլոդիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։
Նա նաև պատասխանել է հարցին՝ համաձայն է արդյոք Պուտինը հրադադարի, որպեսզի Ուկրաինայում հնարավոր լինի հանրաքվե անցկացնել։
«Ոչ, հրադադարի հարցում՝ ոչ։ Դա այն հարցերից է, որի վրա այժմ աշխատում ենք։ Պուտինը կարծում է, որ հիմա իրենք պայքարում են, և եթե ժամանակավորապես դադարեցնեն պատերազմը, բայց հետո չհասնեն համաձայնության և պատերազմը նորից սկսվի, ապա Ռուսաստանը կհայտնվի վատ դրության մեջ։ Պուտինը չի ցանկանում նման վիճակում հայտնվել։ Ես հասկանում եմ այդ դիրքորոշումը։ Հասկանում եմ նախագահ Պուտինին այդ տեսանկյունից։ Պետք է հասկանանք նաև մյուս կողմին։ Ես խաղաղության կողմնակից եմ, պատերազմի դադարի կողմնակից։ Կարծում եմ՝ այս խնդիրը կլուծվի», – հավելել է Թրամփը։