Դոնալդ Թրամփ. Համաձայնագրի կնքում Իրանն էլ է ուզում, սակայն կարծում եմ, որ դեռ պատրաստ չեն դրան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները և Իրանը հակամարտության ավարտի շուրջ բանակցություններ են վարում, սակայն, նրա խոսքով, Թեհրանը դեռ պատրաստ չէ համաձայնագրի կնքմանը:
«Մենք խոսում ենք նրանց հետ: Կարծում եմ՝ նրանք տրամադրված են ամենալուրջը, ինչ երբևէ տեսել ենք, բայց դա չի նշանակում, թե արդյունքի կհասնենք: Կտեսնենք, թե ինչ կլինի», – հայտարարել է Թրամփը Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում:
Լրագրողի հարցին, թե որն է նրա ռազմավարությունը պատերազմն ավարտելու համար, Թրամփը պատասխանել է, որ դրա համար մի քանի ճանապարհ կա:
Դոնալդ Թրամփի խոսքով՝ տարբերակներից մեկը ռազմական ճանապարհն է՝ ներկայիս մոտեցման շարունակումը կամ ուժեղացումը, ինչը, ԱՄՆ նախագահի պարզաբանմամբ, կոչնչացնի ամեն ինչ:
«Կամ գոյություն ունի ավելի խելամիտ ռազմավարություն՝ համաձայնագրի կնքումը, ինչն իրենք էլ են ուզում: Ուղղակի չեմ կարծում, որ նրանք դեռ պատրաստ են», – նշում է Դոնալդ Թրամփը: