Դոնալդ Թրամփ. Դիզելին ամենաշատը վնասում է ոչ թե Մերձավոր Արևելքը, այլ Ռուսաստանում ընթացող իրադարձությունները, Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը դիզելի համար ամենամեծ խնդիրը դարձավ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դիզելի արտահանման արգելքի թեմայով ամեն օր խոսում է, քանի որ Սպիտակ տունը պայքարում է էներգակիրների գների կտրուկ աճի դեմ։
Թրամփի խոսքով՝ արտահանման արգելքը բացասաբար կանդրադառնար բենզինի գնի վրա, սակայն կկարողանար էժանացնել դիզելը։ Նրա պարզաբանմամբ՝ դիզելի թանկացման հիմնական պատճառը Ուկրաինա-Ռուսաստան պատերազմն է, քանի որ երկու կողմերից հասցված հարվածներն ազդում են էներգակիրների արտադրության և արտահանման վրա։
«Սա մի հարց է, որի մասին ամեն օր մտածում և խոսում ենք, բայց, կարծես թե, բենզինի վրա բացասական ազդեցություն կունենա. այն մի փոքր կթանկանա, իսկ դիզելը մի փոքր կէժանանա։ Կարծում ենք՝ շատ լավ վիճակում ենք։ Դիզելին հիմա ամենաշատը վնասում է ոչ թե Մերձավոր Արևելքը, այլ Ռուսաստանում ընթացող իրադարձությունները, քանի որ այնտեղի դիզելային վերամշակման գործարաններին բավականին մտահոգիչ տեմպերով են հարվածում։ Դա եթե տեղի չունենար, դիզելի խնդիր չէինք ունենա։ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը դիզելի համար ամենամեծ խնդիրը դարձավ»,- հայտարարել է Թրամփը Օվալաձև աշխատասենյակում լրագրողների հետ զրույցում։
ԱՄՆ նախագահը խոսել է նաև Հորմուզի նեղուցի մասին։ Նրա խոսքով՝ նավթի գները կսկսեն նվազել, քանի որ նեղուցով մեծ քանակությամբ նավթ է անցնում։
«Մենք ուղղակի իմաստով կառավարում ենք այն։ Լիակատար վերահսկողություն ունենք։ Այնուամենայնիվ, դա, թերևս, միշտ կարող է փոխվել։ Վերջին երկու օրում պատմության մեջ ամենաշատ նավթն է դուրս եկել»,- նշում է Դոնալդ Թրամփը։