Դոնալդ Թրամփ. ԱՄՆ-ն Չինաստանի նկատմամբ 100 տոկոսանոց մաքսատուրքեր կսահմանի
ԱՄՆ-ը Չինաստանին 100-տոկոսանոց մաքսատուրք կսահմանի՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը սոցիալական ցանցում։
Թրամփի խոսքով՝ 2025 թվականի նոյեմբերի 1-ից կամ ավելի վաղ, կախված Չինաստանի կողմից իրականացվող հետագա քայլերից կամ փոփոխություններից, Ամերիկայի Միացյալ Նահանգները Չինաստանին կսահմանի 100-տոկոսանոց մաքսատուրք, որը կավելացվի արդեն գոյություն ունեցող ցանկացած տուրքի վրա, որը Չինաստանը ներկայումս վճարում է։
Դոնալդ Թրամփի խոսքով՝ վերջերս հայտնի դարձավ, որ Չինաստանը առևտրի հարցում ծայրահեղ ագրեսիվ դիրքորոշում է որդեգրել ամբողջ աշխարհի նկատմամբ, և նրանք պատրաստվում են 2025 թվականի նոյեմբերի 1-ից կիրառել մասշտաբային արտահանման վերահսկողություն՝ գրեթե բոլոր այն ապրանքների վրա, որոնք իրենք արտադրում են։
«Սա վերաբերում է բոլոր երկրներին՝ առանց բացառության, և, բնականաբար, տարիներ առաջ նրանց կողմից մշակված ծրագիր է։ Սա միջազգային առևտրում բացարձակ անհավատալի է և բարոյական ամոթ՝ այլ ազգերի հետ հարաբերություններում։ Բացի այդ, նոյեմբերի 1-ից մենք կսահմանենք արտահանման վերահսկողություն բոլոր կենսական նշանակություն ունեցող ծրագրային ապահովումների վրա։ Անհնար է հավատալ, որ Չինաստանը նման քայլեր կձեռնարկեր, բայց նրանք դա արեցին, և մնացածը արդեն պատմություն է», – գրել է Դոնալդ Թրամփը։