Դոնալդ Թրամփ․ Եթե դեմոկրատները հաղթեն միջանկյալ ընտրություններում, ես կարող եմ դառնալ Պարոն Վետո

11:20, 02.11.2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե դեմոկրատները միջանկյալ ընտրություններում մեծամասնություն ստանան, ապա ինքը, հնարավոր է, ստիպված լինի հաճախակի կիրառել վետոյի իր իրավունքը։

«Ես կարող եմ դառնալ «Պարոն Վետո»։ Նրանք ինձ օրինագծեր կուղարկեն, իսկ ես դրանց վրա վետո կդնեմ։ Ի վերջո, երբ մեկ-երկու ամիս շարունակ ամեն ինչի վրա վետո դնեմ, նրանք կհասկանան, որ դա պարզապես ժամանակի կորուստ է. նրանք կփոխեն իրենց մոտեցումը և համաձայնության կգան», — ասել է Թրամփը հարցազրույցում, որի ամբողջական տարբերակը նախատեսվում է հրապարակել այսօր։

Ըստ Bloomberg-ի՝ սա հազվադեպ դեպք է, երբ Թրամփը բացահայտ ընդունում է այն հավանականությունը, որ իր կուսակցությունը կարող է պարտվել միջանկյալ ընտրություններում։

Հարցազրույցի մեկ այլ հատվածում Թրամփը նշել է, որ «շատ ուրախ կլիներ» վերընտրվել նախագահի պաշտոնում, եթե նման հնարավորություն ունենար, սակայն հավելել է, որ Սահմանադրությունը «շատ հստակ» է այդ հարցում։

Հարկ է նշել, որ ԱՄՆ Սահմանադրության 22-րդ փոփոխությունը նախագահին արգելում է ընտրվել երկու ժամկետից ավելի։ Ինչ վերաբերում է ընտրություններին, ապա դրանք տեղի կունենան նոյեմբերի 3-ին։

Նմանատիպ