Դոնալդ Թրամփ․ Նախագահ Զելենսկին հրաժարվել է որոշակի զինամթերք ստանալուց, նա չուներ ինքնաթիռներ և այլ միջոցներ, որոնք անհրաժեշտ են այդ զինամթերքն օգտագործելու համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությամբ՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հրաժարվել է որոշակի տեսակի զինամթերք ստանալուց, քանի որ Ուկրաինան չուներ դրա օգտագործման համար անհրաժեշտ ինքնաթիռներ և այլ համապատասխան հնարավորություններ։
Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներում զինամթերքի պաշարներն այժմ ակտիվորեն համալրվում են, և երկրում սպառազինության արտադրությունն աճում է։
«Կա զինամթերք, որի ստացումից նախագահ Զելենսկին հրաժարվել է։ Այնուամենայնիվ, դա շատ հզոր զինամթերք է։ Նա հրաժարվել է, որովհետև չուներ ինքնաթիռներ և այլ միջոցներ, որոնք անհրաժեշտ են այդ զինամթերքն օգտագործելու համար», – հայտարարել է Թրամփը։
Նրա խոսքով՝ Բայդենի վարչակազմի կողմից Ուկրաինային զինամթերք մատակարարելու հետևանքով ԱՄՆ-ում որոշակի տեսակի սպառազինության պաշարները նվազել էին, սակայն իր վարչակազմն այժմ ակտիվորեն աշխատում է կորուստները համալրելու ուղղությամբ, և ԱՄՆ-ն «լավ վիճակում է»։
Թրամփի հայտարարությամբ՝ ԱՄՆ-ում պաշտպանական ոլորտի ընկերությունները, այդ թվում՝ Raytheon-ը, ընդլայնում են արտադրական կարողությունները։
«Նրանք գործարաններ են կառուցում ամբողջ երկրի տարածքով։ Աշխատում են օրական 24 ժամ, շաբաթական յոթ օր, և մենք կուտակում ենք զինամթերք այնպիսի մակարդակով, ինչպես երբեք», – հայտարարել է ԱՄՆ նախագահը։