Դմիտրի Պեսկովի կինը դատական հայց է ներկայացրել Եվրոպական Միության դատարան՝ իր դեմ սահմանված պատժամիջոցների վերաբերյալ
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի կինը՝ Տատյանա Նավկան, դատական հայց է ներկայացրել Եվրոպական Միության կողմից իր դեմ սահմանված պատժամիջոցների վերաբերյալ
Եվրամիությունը Տատյանա Նավկային պատժամիջոցների ցանկում ներառել է 2022 թվականի հունիսին՝ Պեսկովի երեխաների հետ միասին: Բրյուսելն այն ժամանակ հայտարարել էր, որ պատժամիջոցները, այդ թվում՝ ԵՄ մուտք գործելու արգելքը և ֆինանսական սահմանափակումները, սահմանվել են Ուկրաինայի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և անկախության դեմ ուղղված գործողությունների համար։
Տատյանա Նավկան իր հայցում պնդում է, որ սահմանափակումների հիմքերը ճիշտ չեն ձևակերպվել, սխալներ են թույլ տրվել օրենքի կիրառման և փաստական հանգամանքների գնահատման մեջ, և Եվրամիությունը չի կարողացել ապացուցել դրանց և պատժամիջոցների նպատակի միջև բավարար կապը։
Հայցի համաձայն՝ Կրեմլի խոսնակի կինը Եվրամիության խորհրդից պահանջում է նյութական և հեղինակությանը հասցված վնասի փոխհատուցում, որը, ընդհանուր առմամբ, կազմում է մոտ երկու միլիոն եվրո։
Լրատվամիջոցների փոխանցմամբ, Եվրամիության պաշտոնական տվյալների բազայի համաձայն՝ Ռուսաստանի պետական պաշտպանական արդյունաբերության «Ռոստեխ» կորպորացիայի ղեկավար Սերգեյ Չեմեզովի կինը՝ Եկատերինա Իգնատովան, նույնպես փորձում է նույն իրավական միջոցներով վերացնել պատժամիջոցները։