Դմիտրի Պեսկովը նշում է, որ սխալ է Ղազախստանում ավիավթարի պատճառների մասին վարկածներ կառուցել մինչև հետաքննության ավարտը
Կրեմլի մամուլի քարտուղար Դիմիտրի Պեսկովը նշում է, որ սխալ է Ղազախստանում ավիավթարի պատճառների մասին վարկածներ կառուցել մինչև հետաքննության ավարտը։ Այդ մասին նա հայտնել է լրատվամիջոցներին։
«Սխալ կլինի նախաքննության եզրակացություններից առաջ ինչ-որ վարկածներ կառուցել։ Մենք դա հաստատ չենք անի, և ոչ ոք չպետք է անի: Պետք է սպասել հետաքննության ավարտին»,- ասել է Կրեմլի մամուլի քարտուղարը։
«Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռը, որը Բաքվից Գրոզնի էր թռչում և փոխեց ուղղությունը, վթարի է ենթարկվել Ակտաուի օդանավակայանից երեք կիլոմետր հեռավորության վրա։ Ինքնաթիռում եղել է 62 ուղևոր և անձնակազմի հինգ անդամ։ Ավիավթարի հետևանքով զոհվել է 38 մարդ, իսկ 29-ը ողջ է մնացել։ Փրկվածների թվում են անձնակազմի երկու անդամներ։