Դմիտրի Պեսկով. Մենք տեսնում ենք Կիևի ռեժիմի ահաբեկչական գործողությունները Միջերկրական և Բալթիկ ծովերում, ոչ ոք չի ցանկանում հակամարտության ընդլայնում, հետևաբար, այդ գործողությունները պոտենցիալ շատ վտանգավոր են
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեղադրել է Ուկրաինային Ռուսաստանի հետ շարունակվող պատերազմը Միջերկրական և Բալթիկ ծովեր տարածելու փորձի մեջ՝ այդ քայլը անվանելով «շատ վտանգավոր»։
«Մենք տեսնում ենք Կիևի ռեժիմի ահաբեկչական գործողությունները Միջերկրական և Բալթիկ ծովերում։ Սա չի կարող չանհանգստացնել ափամերձ պետություններին և, հնարավոր է, ՆԱՏՕ-ի դաշինքին ընդհանրապես։ Իհարկե, ոչ ոք չի ցանկանում, որ հակամարտությունը ընդլայնվի։ Հետևաբար, Կիևի ռեժիմի այս գործողությունները պոտենցիալ շատ վտանգավոր են», – նշել է Դմիտրի Պեսկովը։
Բացի այդ, Կրեմլի խոսնակը նշել է, որ ԵՄ-ի կողմից Ուկրաինային նոր միջոցներ հատկացնելու ծրագրերը վնասակար կլինեն խաղաղության գործընթացի համար։
«Արդյունքները լավ չեն լինի խաղաղության գործընթացի համար։ Եվրոպացիների կողմից հրահրված և խրախուսված Կիևի ռեժիմը պակաս հակված է խաղաղության գործընթացին և ավելի շատ կենտրոնացած է պատերազմի շարունակման վրա՝ առաջին հերթին՝ ի վնաս Ուկրաինայի քաղաքացիների, ինչպես նաև եվրոպական երկրների քաղաքացիների շահերի», – նշել է Պեսկովը։
Պեսկովի մեկնաբանություններին նախորդել է ԱՄՆ նախագահի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի միջև Ֆլորիդայում կայացած հանդիպումից հետո հրապարակված համատեղ հայտարարությունը։ Ինչպես նշվել է Դոնալդ Թրամփի և Մարկ Ռյուտեի համատեղ հայտարարության մեջ, Ռուսաստանը և Ուկրաինան պետք է զերծ մնան ցանկացած գործողությունից, որը կամա թե ակամա կհանգեցնի պատերազմի սրման։