Դմիտրի Պեսկով․ Ուկրաինայում հակամարտության կարգավորումը կապված է եվրոպական անվտանգության հետ
Ըստ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի՝ Ուկրաինայում պատերազմի ավարտի հարցը կապված կլինի եվրոպական մայրցամաքում անվտանգության նոր ճարտարապետության հաստատման հետ։
«Ակնհայտ է, որ Ուկրաինայում հակամարտության կարգավորումը, այս կամ այն կերպ, կապված կլինի եվրոպական մայրցամաքում անվտանգության նոր ճարտարապետության հետ։ Դրանք չեն կարող գոյություն ունենալ առանձին-առանձին՝ դրանք փոխկապակցված տարրեր են», – հայտարարել է Պեսկովը։
Պեսկովը նշել է, որ Ռուսաստանի և Եվրոպայի միջև հարաբերությունների խզման նախաձեռնողը Մոսկվան չի եղել. ընդհակառակը՝ հենց Եվրոպան է հրաժարվել երկխոսությունից։ Նա հայտնել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցություններ վարել եվրոպացիների հետ, եթե մյուս կողմը դրսևորի դրա համար անկեղծ ցանկություն և ներկայացված լինի համապատասխան լիազորություններ ունեցող անձանց կողմից։
Պեսկովն ընդգծել է, որ եվրոպական երկրների կողմից ընտրված բանակցողները դեռևս փորձ չեն արել կապ հաստատել Ռուսաստանի հետ։
Ավելին, Պեսկովը հայտարարել է, որ եթե Եվրամիությունը խաղաղություն չի ցանկանում, ապա Ուկրաինայում հակամարտության ավարտի և եվրոպական անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ բանակցություններն անիմաստ կլինեն։