Դավիթ Զալկալիանիի և Յաիր Լապիդի միջև կայացել է հեռախոսազրույց
Դավիթ Զալկալիանիի և Յաիր Լապիդի միջև կայացել է հեռախոսազրույց

Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի և Իսրայելի պետության արտաքին գործերի նախարար, այլընտրանքային վարչապետ Յաիր Լապիդի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց: Տեղեկությունը տարածում է արտաքին գործերի նախարարությունը:

Երկու երկրների արտգործնախարարները ևս մեկ անգամ ընդգծեցին վրաց և հրեա ժողովուրդների դարավոր ավանդական բարեկամական հարաբերությունների կարևորությունը և դրանց հետագա խորացման հեռանկարները:

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ և բազմակողմ համագործակցության օրակարգի արդի հարցեր և կարևորվել է տնտեսական ուղղությամբ առկա մեծ ներուժը, որը ներառում է երկկողմ առևտրի, ներդրումների և զբոսաշրջության ոլորտները:

Կողմերը քննարկել են գլոբալ համավարակի մարտահրավերի դեմ պայքարի ուղիները և երկու երկրների միջև գործընկերային հարաբերությունների զարգացման դինամիկան: Յաիր Լապիդը վրացի գործընկերոջը հրավիրեց պաշտոնական այցով Իսրայել և հույս հայտնեց, որ կողմերը հնարավորություն կունենան առաջիկա այցի ընթացքում առավել մանրամասն քննարկել բոլոր կարևոր հարցերը:

Դավիթ Զալկալիանին շնորհավորել է իսրայելցի գործընկերոջը նշանակման կապակցությամբ, հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ: