Դավիթ Սոնղուլաշվիլի. Մեզ համար առաջնահերթությունը գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվող մարդկանց հետ ուղղակի հաղորդակցությունն է
Դավիթ Սոնղուլաշվիլի. Մեզ համար առաջնահերթությունը գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվող մարդկանց հետ ուղղակի հաղորդակցությունն է

Բնապահպանության և գյուղատնտեսության նախարար Դավիթ Սոնղուլաշվիլին այցելել է Իմերեթիի տարածաշրջան։

Սոնղուլաշվիլիի խոսքով՝ առաջնահերթություններից է գյուղարտադրության մեջ ներգրավված անձանց հետ ուղիղ հաղորդակցությունը։

«Մշտապես ընդգծում եմ, որ մեզ համար առաջնահերթությունն է գյուղարտադրությամբ զբաղվող մարդկանց, այդ թվում՝ պետական ծրագրերի շահառուների հետ ուղիղ հաղորդակցությունը։ Այսօր գտնվում էինք Իմերեթիի տարածաշրջանում, որտեղ «Ագրոլեյն» մոշի խոշորագույն արտադրող ընկերությունում հանդիպեցինք ֆերմերների և ձեռնարկատերերի հետ։ Վրաստանում մոշի մշակության հաջողության պատմությունը օրինակ է այն բանի, թե ինչպես կարելի է դնել հավակնոտ ծրագիր և մի քանի տարվա ընթացքում դառնալ աշխարհի առաջատար արտահանող երկրների տասնյակի մաս։ Տարիներ առաջ Վրաստանում մոշի այս մասշտաբներով տնկման գաղափարը անհնարին էր թվում։ Պետության ակտիվ աջակցությամբ՝ ֆինանսների, գիտելիքի, տեխնոլոգիաների և շուկաներին հասանելիության մասով, այսօր մոշի այգիները Վրաստանում զբաղեցնում են ավելի քան 2,700 հեկտար։ Արտադրողների հետ հանդիպմանը լսեցինք նրանց կարիքների և մարտահրավերների մասին։ Մեր կողմից վերահաստատեցինք, որ պետության աջակցությունը շարունակական է», – հայտարարել է Դավիթ Սոնղուլաշվիլին։

Նախարարը հանդիպել է նախարարության ենթակայության ներքո գտնվող կառույցների տարածաշրջանային ստորաբաժանումների աշխատակիցների հետ՝ սննդի անվտանգության, բնապահպանական վերահսկողության, անտառային, լաբորատոր և պահպանվող տարածքների ոլորտներում, և ստացել է տեղեկատվություն ընթացիկ խնդիրների վերաբերյալ։

«Միայն մեր կառույցների, այդ թվում՝ տարածաշրջանային ստորաբաժանումների կարողությունների ուժեղացմամբ՝ պրոֆեսիոնալ կադրերով, համապատասխան ենթակառուցվածքներով և տեխնիկական ապահովմամբ, հնարավոր է իրականացնել գյուղատնտեսության և բնապահպանության քաղաքականությունը», – նշել է Դավիթ Սոնղուլաշվիլին։