Թբիլիսիի դատախազության խարդախության քրեական գործերով դատավարական ղեկավարման վարչությունը մեծ քանակությամբ գումարի խարդախությամբ տիրանալու փաստով մեղադրանք է ներկայացրել մեկ անձի։
«Ներքին գործերի նախարարության կողմից իրականացված հետաքննությամբ պարզվել է, որ մեղադրյալը համոզել է տուժողին, թե իբր նրա պատկանող գումարները կներդնի շահութաբեր բիզնեսում՝ կգնի թանկարժեք ավտոմեքենաներ և դրանք կվաճառի օտարերկրյա քաղաքացիներին։ Այս դրդապատճառով մեղադրյալը խաբեությամբ տուժողից վերցրել է ընդհանուր առմամբ 550,000 ԱՄՆ դոլար և ավելի մեծ վստահություն ներշնչելու համար ներկայացրել է առուվաճառքի կեղծ պայմանագիր, թե իբր արդեն գնվել է 40 ավտոմեքենա։ Իրականում մեղադրյալը ավտոմեքենաներ չի գնել, իսկ տուժողին պատկանող գումարներին խարդախությամբ տիրացել է։
Քանի որ մեղադրյալը խուսափում է իրավապահ մարմիններ ներկայանալուց, նրան մեղադրանք է ներկայացվել հեռակա կարգով՝ Վրաստանի քրեական օրենսգրքի 180-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» կետով (խարդախություն՝ կատարված առանձնապես խոշոր չափերով) և 362-րդ հոդվածի առաջին մասով (կեղծ պաշտոնական փաստաթղթի օգտագործում), ինչը որպես պատիժ նախատեսում է ազատազրկում մինչև ինը տարի ժամկետով», – հայտնում են դատախազությունում։
Նրանց փոխանցմամբ՝ դատախազության միջնորդության հիման վրա դատարանը մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է սահմանել կալանքը, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։