Դատախազությունը մեղադրանք է առաջադրել 4 անձի՝ ոստիկանների վրա հարձակում գործելու և այլոց գույքը վնասելու համար
Վրաստանի դատախազությունը մեղադրանք է առաջադրել չորս անձի՝ ոստիկանների վրա հարձակվելու և այլոց գույքը վնասելու համար։
ՆԳՆ կատարած հետաքննությամբ պարզվել է, որ դեկտեմբերի 1-ին Ռուսթավելի պողոտայում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հանրահավաքի մասնակիցներից Ա.Կ.-ն հարձակվել է հատուկ հանձնարարությունների վարչության աշխատակցի վրա եւ «մոլոտովի կոկտեյլ» նետել նրա ուղղությամբ:
Քննությամբ պարզվել է նաև, որ դեկտեմբերի 4-ին երեկոյան ժամերին ամբաստանյալ Ս.Ս.-ն հարձակվել է ոստիկանի վրա և մահակով վնասել գլուխը։ Իսկ դեկտեմբերի 1-ին Ռուսթավելի պողոտայում դանակով զինված հանրահավաքի մասնակիցներից Ս.Ջ.-ն հարձակվել է ոստիկանի վրա և ֆիզիկական ոտնձգություն կատարել։
ՆԳՆ-ի իրականացրած հետաքննությամբ պարզվել է նաև, որ մեղադրյալը դեկտեմբերի 4-ի գիշերը «Մզիուրի» զբոսայգում դիտավորությամբ վնասել է Թբիլիսիի քաղաքապետարանի անվտանգության քաղաքային ծառայությանը պատկանող երեք տեսախցիկ, ինչի հետևանքով գերատեսչությանը պատճառվել է զգալի գույքային վնաս։
Մեղադրյալ Ա.Կ.-ին և Ս.Ջ.-ին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի 1-ին մասով (ոստիկանի վրա հարձակում գործելու համար), որը նախատեսում է ազատազրկում 4-ից 7 տարի ժամկետով։ Իսկ Ս.Ս.-ին մեղադրանք է առաջադրվել 353 պրիմ հոդվածի երկրորդ մասով (ոստիկանի առողջությունը վնասել` ծառայողական գործունեության հետ կապված), որը նախատեսում է ազատազրկում 7-ից 11 տարի ժամկետով։
Ուրիշի գույքը վնասելու համար ձերբակալված Լ.Չ.-ին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի առաջին մասով (ուրիշի գույքին զգալի վնաս պատճառել), որը նախատեսում է ազատազրկում մեկից հինգ տարի ժամկետով։ Դատախազությունը օրենքով սահմանված ժամկետում դիմում է Թբիլիսիի քաղաքային դատարան՝ ամբաստանյալների նկատմամբ խափանման միջոց կիրառելու միջնորդությամբ։
Քրեական հետաքննությունը շարունակվում է։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի դատախազությունը։