Դատախազությունը կանխամտածված սպանության, սպանության փորձի, ոստիկանի վրա հարձակման փորձի և հրազենի ապօրինի կրման փաստերով ձերբակալվածին մեղադրանք է առաջադրել
Վրաստանի դատախազությունը մեղադրանք է առաջադրել ձերբակալվածին՝ ծանրացնող հանգամանքներում կատարված դիտավորյալ սպանության, ծանրացნող հանգամանքներում երեք անձի դիտավորյալ սպանության փորձի, ոստիկանի վրա հարձակման փորձի և հրազենի ապօրինի կրման փաստերով։
Դատախազության փոխանցմամբ՝ Ներքին գործերի նախարարության իրականացրած քննությամբ պարզվել է, որ 2026 թվականի հուլիսի 22-ին, մոտավորապես ժամը 21:35-ին, Թբիլիսիում, Ակակի Շանիձե փողոցի №31 շենքին հարակից տարածքում, բաց հասարակական տարածքում, մեղադրյալ Նիկոլոզ Կապանաձեն բանավեճ է ունեցել չորս երիտասարդի հետ։ Վեճին զուգահեռ, հիշյալ անձինք նստել են ավտոմեքենան և փորձել են հեռանալ վայրից, ինչի ընթացքում մեղադրյալ Նիկոլոզ Կապանաձեն իր մոտ եղած GLOCK 34 GEN 4 մոդելի հրազենից, որն ապօրինի էր կրում, դիտավորյալ սպանության նպատակով մի քանի անգամ կրակել է նրանց ուղղությամբ, ինչի հետևանքով երեք երիտասարդ ստացել է հրազենային վիրավորում։ Կյանքի հետ անհամատեղելի հրազենային վերքի հետևանքով նրանցից մեկը՝ Նիկոլոզ Ղունաշվիլին, բժշկական հաստատությունում մահացել է։ Երկու երիտասարդի կյանքը, ցուցաբերված բժշկական օգնության շնորհիվ, հնարավոր է եղել փրկել։
Նույն արարքով մեղադրյալ Նիկոլոզ Կապանաձեն վտանգ է սպառնացել այնտեղ գտնվող այլ անձանց կյանքին ու առողջությանը, որի ընթացքում մի կին գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացել։
2026 թվականի հուլիսի 23-ին, մոտավորապես ժամը 00:06-ին, Թբիլիսիում, Ակակի Շանիձե փողոցի №31 հասցեում գտնվող մեղադրյալ Նիկոլոզ Կապանաձեի բնակության վայր են ներկայացել ոստիկանության աշխատակիցները՝ քննչական և դատավարական գործողություններ իրականացնելու նպատակով։ Ոստիկանության աշխատակիցների՝ իրենց օրինական պահանջին ենթարկվելու կոչին ի պատասխան, մեղադրյալը սպառնալիքներ է հնչեցրել իրավապահների հասցեին և դուռը բացելուն պես իր մոտ եղած GLOCK 34 GEN 4 և ARMALITE SPR MOD 1 մոդելների հրազեններից փորձել է զրկել նրանց կյանքից: Իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից զինաթափման արդյունքում մեղադրյալին չի հաջողվել իրականացնել իր մտադրությունը։
Իրավապահները մեղադրյալին ձերբակալել են հուլիսի 23-ին։ Դատախազության տեղեկացմամբ՝ նրան մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի «բ» ենթակետով (դիտավորյալ սպանություն այնպիսի եղանակով, որը դիտավորյալ վտանգ է սպառնում այլոց կյանքին ու առողջությանը), 19-109-րդ հոդվածի «բ» և «լ» ենթակետերով (դիտավորյալ սպանության փորձ այնպիսի եղանակով, որը դիտավորյալ վտանգ է սպառնում այլոց կյանքին ու առողջությանը, 3 անձի նկատմամբ), 236-րդ հոդվածի 4-րդ մասով (հրազենի և ռազմամթերքի ապօրինի կրում) և 19-353-պրիմ հոդվածի 3-րդ մասով (ոստիկանի կյանքի դեմ նկրտման փորձ՝ կապված նրա ծառայողական գործունեության հետ), ինչը որպես պատիժ նախատեսում է ազատազրկում մինչև 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում:
Դատախազությունը օրենքով սահմանված ժամկետում դատարան կդիմի մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու միջնորդությամբ։