Դանիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ երկրի ռազմական օբյեկտների մոտ կրկին հայտնվել են անհայտ անօդաչու թռչող սարքեր
Դանիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ երկրի ռազմական օբյեկտների մոտ կրկին հայտնվել են անհայտ անօդաչու թռչող սարքեր

Դանիայում ռազմական օբյեկտների մոտ կրկին հայտնվել են անհայտ անօդաչու թռչող սարքեր։ Դանիայի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 26-ին։ Ինչպես նշում է գերատեսչությունը, անօդաչու սարքեր նկատվել են մի քանի ռազմական օբյեկտների մոտակայքում, սակայն երկրի ռազմական ղեկավարությունը չի հստակեցրել, թե կոնկրետ որտեղ և քանիսը։

Հայտնի է, որ այս միջադեպին արձագանքելու նպատակով Դանիայի զինված ուժերի մի քանի ստորաբաժանումներ բերվել են պատրաստության վիճակի, սակայն զինվորականները չեն մանրամասնում, թե ինչ է ենթադրում «միջադեպին արձագանքելը»։

Դանիական հանրային հեռարձակողը տեղեկացնում է, որ այդ օբյեկտներից մեկը, որի մոտ նկատվել են անհայտ դրոններ, Կարուպի ռազմական ավիաբազան է՝ Դանիայի թագավորության զինված ուժերի գլխավոր բազան։

Լրատվամիջոցների համաձայն՝ դրոնները թռչել են ինչպես բազայի վերևում, այնպես էլ դրա շրջակայքում։

Կենտրոնական և Արևմտյան Յուտլանդիայի ոստիկանության տվյալներով՝ այդ տարածքում նկատվել է մեկ կամ երկու անօդաչու սարք։ Այդ պատճառով քաղաքացիական ավիացիայի համար օդային տարածքը ժամանակավորապես փակվել է։

Հիշեցնենք, որ Կարուպի ավիաբազայում աշխատում է մոտ 3500 մարդ։ Բազայում տեղակայված են ցամաքային, ծովային և օդային զինված ուժերը։ Այստեղ են գտնվում Դանիայի զինված ուժերին պատկանող բոլոր ուղղաթիռները։ Այս բազայից իրականացվում է օդային տարածքի վերահսկողությունը։