Չինաստանում հերքում են տեղեկությունն այն մասին, թե Պեկինն Իրանի զինվորականներին աջակցություն է առաջարկել, այդ թվում՝ ԱՄՆ ուժերի տեղակայման վերաբերյալ հետախուզական տվյալների տրամադրման միջոցով
Չինաստանը հերքում է Իրանի զինված ուժերին աջակցություն ցուցաբերելու փաստը:
Չինաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է այն տեղեկությունը, համաձայն որի՝ ինքն աջակցություն է առաջարկել Իրանի զինվորականներին, այդ թվում՝ պատերազմի ժամանակ ԱՄՆ ուժերի հավանական տեղակայման վայրերի վերաբերյալ հետախուզական տվյալների տրամադրման միջոցով:
«Մենք կատեգորիկ դեմ ենք Չինաստանի դեմ ուղղված սպեկուլյատիվ և կեղծ տեղեկատվության տարածմանը», – հայտարարել է երկրի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Ժանգ Սիաոգանգը:
Վերջերս «Washington Post»-ը հրապարակել էր տեղեկություն, ըստ որի՝ որոշ չինական մասնավոր ընկերություններ, այդ թվում նրանք, որոնք կապեր ունեն Չինաստանի ժողովրդական-ազատագրական բանակի հետ, հետախուզական տվյալներ են տարածել պատերազմի ժամանակ ԱՄՆ ուժերի տեղաշարժի վերաբերյալ:
«Reuters»-ը, հղում անելով ամերիկյան աղբյուրներին, հաղորդում է, որ չինական չիպեր արտադրող խոշորագույն ընկերությունը Իրանի զինվորականներին է ուղարկել չիպերի պատրաստման համար անհրաժեշտ սարքավորումներ:
«Չինաստանը Իրանի հարցում միշտ եղել է բաց և ուղղակի՝ պահպանելով օբյեկտիվ և անկողմնակալ դիրքորոշում», – ասել է Ժանգը՝ հավելելով, որ երկիրը երբևէ ներգրավված չի եղել «որևէ գործունեության մեջ, որը կարող է հանգեցնել հակամարտության»: