Չինաստանի կառավարությունը ավստրալացի լրագրողին մեղադրել է լրտեսության մեջ
Չինաստանի կառավարությունը ավստրալացի լրագրողին մեղադրել է լրտեսության մեջ: Գործը վերաբերում է Ավստրալիայի քաղաքացի, Չեն Լեյին, ով վեց ամիս առաջ ձերբակալվել էր Չինաստանում: Տեղեկատվությունը տարածում է «Բի Բի Սին»:
Ինչպես հայտարարել են Ավստրալիայի ԱԳ նախարարությունում, Չեն Լեյին մեղադրանք է առաջադրվել արտերկրում պետական գաղտնիքներ տարածելու մեջ: Ավստրալիայի կառավարությունը բազմիցս մտահոգություն է հայտնել Ավստրալիայի քաղաքացու ձերբակալման կապակցությամբ: Չինաստանում Ավստրալիայի հյուպատոսության ներկայացուցիչները բանտում մի քանի անգամ այցելել են նախկին հեռուստահաղորդավարուհուն:
Ձերբակալվելուց առաջ, Չեն Լեյը աշխատել է չինական հեռուստաընկերությունում: Նա ունի երկու փոքր երեխա: Նրանք ապրում են Մելբուռնում:
Լրագրողի գործի հետաքննության շրջանակներում, Պեկինում գտնվող Ավստրալական «ABC» հեռուստաընկերության և «Ավստրալիան Ֆայնենշնլ ռեվյուի» աշխատակիցները կանչվել են Չինաստանի անվտանգության նախարարություն հարցաքննության, որից հետո նրանց արտաքսել են Չինաստանից: Ներկայումս Չինաստանում հավատարմագրված ավստրալացի լրագրողներն այլևս չեն աշխատում: