Չեմ կարող հստակ ասել, թե ինչ մտադրություններ ունեն Կրեմլում, բայց նրանք մոբիլիզացրել են ուժ, որը կարող է ցանկացած պահի հարվածել Ուկրաինային, ինչը տագնապալի է. Մայքլ Քարփենթեր

22:48, 24.01.2022

Ես չեմ կարող հստակ ասել, թե ինչ մտադրություններ ունեն Կրեմլում, բայց նրանք ունեն մոբիլիզացված ուժ, որը կարող է ցանկացած պահի հարվածել Ուկրաինային, ինչը չափազանց անհանգստացնող է, – այս մասին Վրաստանի Առաջին ալիքին տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Մայքլ Քարփենթերը։

«Մենք գտնվում ենք մի փուլում, երբ Ռուսաստանը կարող է ցանկացած պահի հարձակվել։ Մենք տեսել ենք ռուսական ռազմական ուժերի դրամատիկ մոբիլիզացիա Ուկրաինայի սահմանների երկայնքով։ Մենք տեսանք փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ, որոնց մասին խոսվում էր լրատվամիջոցներում։ Ինչպես նաև ուղղաթիռներ և այլ տեսակի համակարգեր, որոնք հատել են Ուկրաինայի սահմանը։ Չեմ կարող հստակ ասել, թե ինչ մտադրություններ ունի Կրեմլը, բայց նրանք ունեն մոբիլիզացված ուժ, որը կարող է ցանկացած պահի հարվածել Ուկրաինային, ինչը չափազանց մտահոգիչ է», – ասել է Մայքլ Քարփենթերը։

Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության աշխատանքը որոշակիորեն կաթվածահար է.

«Նրանց հետապնդում են, խանգարում են աշխատել։ Մասնավորապես, Ռուսաստանի կողմից վերահսկվող տարածքները և տեղաշարժի ազատությունը երաշխավորված չեն, ինչպես նախատեսված է Մինսկի համաձայնագրով։ Սա նյարդայնացնում է: Այժմ Ռուսաստանի կողմից վերահսկվող Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում իրավիճակը հանգիստ չէ, քանի որ հրետանային կրակ է բացվում։ Իրավիճակը նախկինի պես վատ չէ, բայց դա չի նշանակում, որ Ռուսաստանը պատրաստ չէ հատել Ուկրաինայի սահմանը և ներխուժել։ Պետք չէ Դոնեցկի և Լուգանսկի իրավիճակին վերաբերվել որպես իրադարձությունների հետագա զարգացման ցուցիչ։ Ակնհայտ է, որ մենք մտահոգված ենք այնտեղ տիրող իրավիճակով, քանի որ այնտեղ հումանիտար իրավիճակը շատ ծանր է»,- ասել է Մայքլ Քարփենթերը։

Հարցազրույցի ամբողջական տարբերակը կլսեք հունվարի 28-ին, Վրացական ռադիոյի եթերում, Լևան Ախալայայի «Համաշխարհային լուրեր» հեղինակային հաղորդաշարում։

Նմանատիպ