«CBS News». Քուվեյթում իրանական հարձակման հետևանքով ողջ մնացածները հերքում են Պենտագոնի տեղեկությունն այն մասին, թե իբր անօդաչու սարքը ներխուժել է ամրացված դիրք, և հայտարարում են, որ ստորաբաժանումը «պատրաստված չէր»
«CBS News». Քուվեյթում իրանական հարձակման հետևանքով ողջ մնացածները հերքում են Պենտագոնի տեղեկությունն այն մասին, թե իբր անօդաչու սարքը ներխուժել է ամրացված դիրք, և հայտարարում են, որ ստորաբաժանումը «պատրաստված չէր»

Քուվեյթում իրանական հարձակման հետևանքով ողջ մնացածները հերքում են Պենտագոնի տեղեկատվությունը և հայտարարում, որ ստորաբաժանումը «պատրաստ չէր պաշտպանության»։ Այս մասին տեղեկատվություն է տարածում «CBS News»-ը։

Միջադեպը տեղի է ունեցել պատերազմի սկզբում՝ մարտի 1-ին, երբ Քուվեյթում գտնվող փոքր բազայի վրա իրանական հարձակման հետևանքով ամերիկյան բանակի վեց զինվոր զոհվեց, իսկ ավելի քան 20-ը՝ վիրավորվեցին։ Զինվորները հերքել են ԱՄՆ ռազմական նախարար Փիթ Հեգսեթի հայտարարությունն այն մասին, թե անօդաչու թռչող սարքը թափանցել է ամրացված դիրք։ Վիրավոր զինվորներից մեկը, հերքելով այս տեղեկությունը, ընդգծել է, որ դիրքը ամրացված չի եղել, և ստորաբաժանումը պատշաճ պաշտպանություն չի ունեցել։

Ըստ «CBS News»-ի՝ հարձակումից մի քանի ժամ առաջ, տագնապի ազդանշանի պատճառով, մոտ 60 զինվորից բաղկացած խումբը տեղափոխվել էր բետոնե բունկեր, քանի դեռ բալիստիկ հրթիռը թռչում էր նրանց գլխավերևով, սակայն առավոտյան մոտավորապես ժամը 09:15-ին հնչել է տագնապի չեղարկման ազդանշանը։

«Սպաները հանեցին սաղավարտները և վերադարձան իրենց աշխատասեղաններին փայտից և թիթեղից պատրաստված աշխատանքային տարածքում, որն ուներ մոտավորապես երեք կցասայլի լայնություն։ Նրանք վերսկսեցին Մերձավոր Արևելքում սպառազինության, զինամթերքի և անձնակազմի տեղաշարժի կառավարումը։ Մոտ 30 րոպե անց ամեն ինչ ցնցվեց», – պատմել է զինվորներից մեկը «CBS News»-ին։

Մեկ այլ զինվոր տեղում ստեղծված իրավիճակն այսպես է նկարագրել. «Դա նման է մի բանի, ինչ տեսնում եք ֆիլմերում։ Ականջներում զնգոց է, ամեն ինչ մշուշոտ է։ Տեսողությունը խամրում է։ Գլխապտույտ ունեք։ Ամենուր փոշի է և ծուխ»։