Անուղղակի բանակցությունների ընթացքում Իրանը ԱՄՆ-ին առաջարկել է ամերիկյան ինքնաթիռների գնում և հնարավոր համատեղ ներդրումներ նավթի ու գազի արդյունաբերության մեջ։ Այս մասին տեղեկությունը տարածում է «CBS News»-ը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրին։
Տարածված տեղեկության համաձայն՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների երկու փուլերը առաջացրել են եզակի առաջարկներ, որոնք վերաբերում են Իրանի միջուկային ծրագրին, դրա հարստացման հնարավորություններին և բարձր հարստացված ուրանի տեղակայմանը, ինչպես նաև այն հարցին, թե ինչպես պետք է կնքվի համաձայնագիր, որը տնտեսապես շահավետ կլինի երկու երկրների համար։
Տարածաշրջանային երկու պաշտոնյաներ «CBS News»-ին հայտնել են, որ դիվանագետները ԱՄՆ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆին խորհուրդ են տվել Իրանի միջուկային ծրագիրն առանձնացնել այլ հարցերից, ինչպիսիք են Թեհրանի աջակցությունն ԱՄՆ շահերի դեմ պայքարող խմբավորումներին և բալիստիկ հրթիռների հարցը։
Նույն պաշտոնյաները նաև նշել են, որ արաբական պետությունների և Թուրքիայի կողմից աջակցվող ներկայիս դիվանագիտությունը չի ենթադրում վարչակարգի փոփոխություն։ Ինչպես նշել է Մերձավոր Արևելքի պաշտոնյաներից մեկը, խնդիրը «վարչակարգի քաղաքականության փոփոխությունն է» և ոչ թե հենց վարչակարգի։
«CBS News»-ը գրում է, որ Ամերիկայում գոյություն ունի «հզոր ուղղություն, որը շահագրգռված է Իրանում վարչակարգի փոփոխությամբ»։