Ցավոք, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դեռ լուծված չէ. Նիկոլ Փաշինյան
Ցավոք, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դեռ լուծված չէ,- այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ, Նիկոլ Փաշինյանը, Կրեմլում Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
«Մեզ իհարկե, հաջողվել է ընդհանուր առմամբ ապահովել հրադադարի ռեժիմը, բայց դեռ շատ խնդիրներ կան, որոնք պետք է լուծվեն: Այս խնդիրներից մեկը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է: Հայաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
Հայաստանի վարչապետի խոսքով, բանակցությունների ժամանակ չի հաջողվել պայմանավորվել նաև ռազմագերիների հարցով:
«Սա ամենազգայուն հարցն է: Մենք պայմանավորվեցինք, որ կշարունակենք այս ուղղությամբ աշխատանքը: Հուսով եմ, որ մեզ կհաջողվի շատ կարճ ժամկետներում հասնել կոնկրետ լուծման»,- հայտարարել է Փաշինյանը:
Նա ասել է նաև, որ այսօր ստորագրված հայտարարությունը, որը վերաբերում է տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանը, շատ կարևոր է:
«Չեմ թաքցնի, որ այս հայտարարությունը, որը մենք ստորագրեցինք այսօր, իրոք, շատ կարևոր է և դրա իրականացումը կարող է փոխել մեր տարածաշրջանի տնտեսական կերպարն ու տեսքը: Տնտեսական նորարարությունները կարող են հանգեցնել անվտանգության նոր երաշխիքների: Եվ, իհարկե, մենք պատրաստ ենք կառուցողական աշխատել այս ուղղությամբ: Բայց, ինչպես ասացի, ցավոք, անհնար է մեկ հանդիպման ընթացքում բոլոր հարցերը լուծել: Մեզ համար այս պահին հիմնական խնդիրը ռազմագերիների փոխանակումն է, որը նախատեսված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրի 8-րդ կետով»,- հայտարարել է Փաշինյանը: