Բժիշկ Գիորգի Չախունաշվիլի. Աբսուրդ է, մենք չխոսեցինք քիմիական զենքի կամ թույների մասին, դա կլինիկական աշխատանք էր, բժիշկների բարի կամքը, եթե ինչ-որ բան հայտնաբերվել էր, հանրությանը տեղյակ պահելը
«Կլինիկական վերլուծությունը, կլինիկական հետազոտությունը և կլինիկական ուսումնասիրությունը բոլորովին այլ բան են։ Դրանք ծառայում են առողջության կանխարգելմանն ու դրա կառավարման գործընթացին», – այս մասին հայտարարել է բժիշկ Գիորգի Չախունաշվիլին՝ քաղաքային դատարանում հարցաքննությունից առաջ։
Նրա խոսքով՝ «BBC»–ի հետ հարցազրույցում չեն խոսել ոչ քիմիական զենքի, ոչ էլ թունավորման մասին։
«Դա կլինիկական աշխատանք էր։ Այլ թեմա ընդհանրապես չի քննարկվել։ Դա միայն և միայն մեր՝ բժիշկների, բարի կամքի դրսևորումն էր։ Եթե ինչ-որ բան այնտեղ հայտնաբերվեր, հանրությունն իմանար այդ մասին։ Սա աբսուրդ է։ Մենք չենք ասել ոչ մի բան քիմիական զենքի կամ թունավորման մասին։ Պարզապես ուսումնասիրություն ենք իրականացրել։ Կլինիկական վերլուծությունը, կլինիկական հետազոտությունը և կլինիկական ուսումնասիրությունը բոլորովին այլ բնույթի են, դրանք ծառայում են առողջության կանխարգելմանն ու դրա կառավարմանը», – նշել է նա։
Նշենք, որ «BBC»–ն հրապարակել էր նյութ վերնագրով՝ «BBC-ի ապացույցներով, վրացի ցուցարարների դեմ օգտագործվել է Առաջին համաշխարհային պատերազմից հայտնի քիմիական նյութ»։ Մեդիակազմակերպության հաղորդմամբ՝ նյութում խոսվում է այդպիսի քիմիական զենքի հնարավոր օգտագործման մասին։
Նյութի աղբյուրներ են նշված մանկաբույժ Կոնստանտինե Չախունաշվիլին, Վրաստանի ներքին գործերի նախարարության հատուկ հանձնարարությունների վարչության նախկին ղեկավար Լաշա Շերգելաշվիլին, ինչպես նաև փորձագետ Քրիստոֆեր Հոլշթեգեն։ Նյութում հարցազրույցներ են ներառված նաև Եկա Գիգաուրիի և Գիորգի Բաչիաշվիլիի հետ։
Շերգելաշվիլին հայտարարել է, որ իր կարծիքով օգտագործված նյութը նույնն է, որի փորձարկումը նրան առաջարկվել է 2009 թվականին՝ ջրային թնդանոթի համար։
BBC-ի տվյալներով՝ Վրաստանի իշխանությունները քննության արդյունքները «աբսուրդային» են որակել և պնդել են, որ ոստիկանությունը գործել է օրինական կերպով՝ արձագանքելով վտանգավոր հանցագործների ապօրինի գործողություններին։
«Վրացական երազանք» կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ պատրաստվում է միջազգային դատարաններում դատական գործեր սկսել BBC-ի դեմ։
Բացի այդ, հաշվի առնելով «BBC»–ի կողմից տարածված տեղեկատվությունը՝ Պետական անվտանգության ծառայությունը սկսել է հետաքննություն՝ հնարավոր հանցագործության մասին։