Բյուրոյի նիստում նախաձեռնվել են «Կոռուպցիայի դեմ պայքարի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը
Պետական ծառայողներն ու քաղաքական պաշտոնյաները, որոնք դատարանի կողմից կհամարվեն մեղավոր մի շարք կոռուպցիոն հանցագործություններում, 30 տարի պարտավոր կլինեն լրացնել գույքային հայտարարագրեր և ներկայացնել դրանք հակակոռուպցիոն բյուրոյին։
Համապատասխան փոփոխություններ են կատարվում «Կոռուպցիայի դեմ պայքարի մասին» օրենքում, որի նախաձեռնությունն առաջադրվել է բյուրոյի այսօրվա նիստում։
Փոփոխություններով հստակեցվում է, որ օրենքի գործողության դաշտում են ներառվում՝ պետական ծառայողները, պետական ծառայողին հավասարեցված անձինք, հանրային ծառայողները, այդ թվում՝ աշխատանքային պայմանագրով աշխատող անձինք, ինչպես նաև պետական մարմնի կամ մունիցիպալիտետի կողմից հիմնադրված իրավաբանական անձանցում (ՍՍԻՊ և ԱԻՊ) աշխատող անձինք, որոնց դեմ առկա կլինի կոռուպցիոն հանցագործության համար օրինական ուժի մեջ մտած դատավճիռ։
Փոփոխություններով՝ այն պետական ծառայողները և քաղաքական պաշտոնյաները, որոնք դատարանի կողմից կհամարվեն մեղավոր կոռուպցիոն հանցագործության մեջ, պարտավոր են դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո երկու ամսվա ընթացքում հակակոռուպցիոն բյուրոյին ներկայացնել իրենց գույքային դրության հայտարարագիրը։ Այդ անձինք պարտավոր կլինեն 30 տարի շարունակ ամեն տարի լրացնել և ներկայացնել գույքային հայտարարագիր։
«Կոռուպցիայի դեմ պայքարի մասին» գործող օրենքի համաձայն՝ պաշտոնյան պարտավոր է ներկայացնել գույքային դրության հայտարարագիր հակակոռուպցիոն բյուրոյին։ Նշված պարտավորությունն առկա է միայն պաշտոնավարելու ժամանակահատվածում։