Բուլղարիայում հայտարարում են, որ արգելափակելու են Հյուսիսային Մակեդոնիայի Եվրամիությանը անդամագրվելու մասին բանակցությունները
Բուլղարիայում հայտարարում են, որ արգելափակելու են Հյուսիսային Մակեդոնիայի Եվրամիությանը անդամագրվելու մասին բանակցությունները: Բուլղարիայի արտաքին գործերի նախարար, Էկատերինա Զահարիևայի հայտարարությամբ, երկու երկրները դեռ վեճեր ունեն պատմության և լեզվի շուրջ, որոնք անհրաժեշտ է լուծել:
«Ռոյթերսի» տեղեկությամբ, Եվրամիության անդամ երկրների Եվրոպայի գործերի նախարարները, Հյուսիսային Մակեդոնիայի հետ անդամագրության մասին բանակցությունները նախատեսում են սկսել նոյեմբերի 17-ին: Եթե որևէ երկիր դեմ է բանակցային շրջանակին, անդամակցության բանակցությունները պաշտոնապես չեն սկսվի:
Զահարիևայի խոսքով, Հյուսիսային Մակեդոնիան չի կատարում բալկանյան երկու հարևանների միջև բարեկամության համաձայնագիրը, որը ստորագրվել է 2017 թվականին և վարում է Բուլղարիայի նկատմամբ ատելության վրա հիմնված քաղաքականություն: Սոֆիան ցանկանում է, որ իր հարևանը ընդունի, որ իր ազգն ու լեզուն բուլղարական արմատներ ունեն, ինչպես նաև վերջ դնի հակաբուլղարական հռետորաբանությանը: Պաշտոնական Սկոպյեում ասում են, որ նրա ինքնությունն ու լեզուն քննարկման ենթակա չեն: