«Բրիթիշ Փեթրոլիում». 2026 թվականի առաջին եռամսյակում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով տեղափոխվել է վեց միլիոն տոննա հում նավթ և կոնդենսատ
«Բրիթիշ Փեթրոլիում». 2026 թվականի առաջին եռամսյակում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով տեղափոխվել է վեց միլիոն տոննա հում նավթ և կոնդենսատ

2026 թվականի առաջին եռամսյակում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (ԲԹՋ) խողովակաշարով տեղափոխվել է վեց միլիոն տոննա հում նավթ և կոնդենսատ: Այս մասին նշված է «Բրիթիշ Փեթրոլիում» (BP) ընկերության հաշվետվության մեջ, որը վերաբերում է Ադրբեջանում 2026 թվականի առաջին եռամսյակի գործունեության արդյունքներին:

Տարածված տեղեկատվության համաձայն՝ խողովակաշարով տեղափոխված նավթը Ջեյհանի տերմինալում բեռնվել է 65 տանկերների վրա և դուրս բերվել շուկաներ:

Ներկայումս խողովակաշարով հիմնականում իրականացվում է Ադրբեջանի «Ազերի-Չիրագ-Գյունեշլի» (ACG) հանքավայրի նավթի և «Շահ Դենիզ» հանքավայրի կոնդենսատի տեղափոխումը: Բացի այդ, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարի միջոցով տրանսպորտացվում է նաև Կասպից ծովի այլ տարածաշրջանային երկրների (Ղազախստան, Թուրքմենստան) հում նավթն ու կոնդենսատը, ինչպես նաև SOCAR-ի կողմից Ադրբեջանում արտադրված այլ ծավալներ: